Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ամփոփելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ երեք ժամ տեւած եռակողմ հանդիպումը, հայտարարել է, որ հանդիպումն անցել է բավականին կառուցողական մթնոլորտում:
«Մենք այսօր աշխատել ենք շատ կառուցողական, եղել է խոր վերլուծություն ներկայիս իրավիճակի մասին, արժանին մատուցեցինք ՌԴ խաղաղապահների եւ սահմանապահ զորքերի աշխատանքին, այն մասնագետներին, որոնք զբաղվում են ականազերծմամբ եւ ապահովում են մարդկանց վերադարձը մշտական տեղակայման վայրեր»,- ասել է Պուտինը:
Սահմանազատման եւ սահմանագծման համար որեւէ խոչընդոտ չկա՞
Պուտինը նշել է, որ եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչեւ տարեվերջ ստեղծել սահմանազատման եւ սահմանագծման մեխանիզմները երկու պետությունների միջեւ՝ հույս հայտնելով, որ դա տեղի կունենա հնարավորին չափ շուտ, քանի որ որեւէ խոչընդոտ չկա:
Գերիների վերադարձի եւ ապաշրջափակման հարցերի շուրջ
ՌԴ նախագահն ակնարկել է, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ գերիների վերադարձի հարցի շուրջ։ «Երկրորդը շատ զգայուն հարց է, որը մարդասիրական խնդիրների հետ է կապված: Այստեղ եւս առաջ ենք գնացել»,- ընդգծել է նա:
Փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ
Պուտինն ընդգծել է, որ երրորդ առանցքային հարցը, որի շուրջ կողմերը պայմանավորվել են, տնտեսական կապերի զարգացումն է, որի առաջին քայլը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, լինելու է տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը։
«Դա վերաբերում է ե՛ւ երկաթուղուն, ե՛ւ ավտոմեքենաների հաղորդակցությանը: Կարծում եմ, որ այստեղ պետք է շնորհակալություն հայտնենք մեր փոխվարչապետներին, որոնք աշխատում են դրա շուրջ արդեն բավականին երկար ժամանակ»,- նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտարարել է նաեւ, որ երեք երկրների փոխվարչապետները կհանդիպեն հաջորդ շաբաթ Մոսկվայում։ Նա նշել է, որ Մոսկվայում հանդիպման ժամանակ կներկայացվեն այսօրվա քննարկման որոշ արդյունքներ, կհայատարարվի այսօրվա որոշումների մասին։
Հստակեցվել են որոշ դիրքորոշումներ
Հայաստանի վարչապետը եւս գոհունակություն է հայտնել հանդիպման արդյունքներից։ «Մենք քննարկեցինք օրակարգի բոլոր հարցերը։ Սա հանդիպում էր ոչ թե հարցերը թաքցնելու, այլ դրանք բաց քննարկելու համար։ Շատ դրական է, որ մի շարք հարցերի շուրջ հստակեցրինք դիրքորոշումները, եւ պարզվեց, որ որոշ հարցերի շուրջ չկան թյուրընթերցումներ, ինչպես թվում էր մինչ այդ»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանը շեշտել է, թե հանդիպման ընթացքում հստակեցվել են որոշ հարցերի շուրջ դիրքորոշումներ։ Նա հայտնել է, որ ընդհանուր պատկերացումներ կան տրանսպորտային հաղորդակցությունների բացման հարցում, թե ինչպես են աշխատելու այդ հաղորդակցությունները, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցի շուրջ։
Փաշինյանը հայտնել է, որ հանդիպման արդյունքում ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում նշվում է, որ պետք է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ստեղծել անհրաժեշտ պայմաններ, անվտանգության եւ կայունության մեխանիզմներ, բարձրացվել են հումանիտար խնդիրներ։
Խոսել է Փաշինյանի ու Պուտինի հետ անկեղծ բանակցությունների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոյեմբերի 26-ին Սոչիում անցակցված բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմերը հանգամանալից, անկեղծ զրույց են ունեցել, բացեիբաց քննարկել են իրենց ծրագրերն ու անհանգստացնող հարցերը:
«Կարեւորն այն է, որ այն որոշումները, որոնք ընդունել ենք տարաձայնությունները կարգավորելու համար, կնպաստեն, որ Հարավային Կովկասի իրադրությունն անվտանգ ու կանխատեսելի լինի»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ վստահելի հարաբերությունների մակարդակը նպաստում է Հայաստանի հետ ամենազգայուն հարցերի շուրջ հանգուցալուծում գտնելուն։
«Կարծում եմ՝ մեր հանդիպումից հետո լավ արդյունքներ կլինեն, որոնք չեն ուշանա, եւ տարածաշրջանում իրավիճակն ավելի անվտանգ եւ կանխատեսելի կլինի»,- եզրափակել է Ալիեւը: