Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Հռոմում կնքել են «Կվիրինյան պայմանագիրը» երկու երկրների հարաբերությունների սերտացման վերաբերյալ: Փաստաթուղթն այդպես է անվանել, քանի որ կնքվել է Իտալիայի նախագահների նստավայր Կվիրինյան պալատում:
Ըստ նոր պայմանագրի՝ Փարիզը եւ Հռոմը խորացնում են համագործակցությունը կորոնավիրուսի համավարակի, տնտեսական անորոշությունների, Ռուսաստանի առավել ագրեսիվ արտաքին քաղաքականության, Չինաստանի հզորացման եւ Միացյալ Նահանգների ոչ ակտիվ արտաքին դիրքորոշման պայմաններում: Նշվում է, որ երկու երկրների միջեւ պայմանագիրը կնքվել է Եվրոպայի համար կարեւոր ժամանակաշրջանում, որի առանցքային զարգացումը պետական ասպարեզից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռանալն է եւ Գերմանիայում կառավարական նոր կոալիցիայի ձեւավորումը: Ենթադրվում է, որ Բեռլինում նոր վարչակազմը սկզբնական փուլում առավել կենտրոնացած կլինի Գերմանիայի ներքին խնդիրների վրա: