Ըստ ԱՀԿ-ի՝ վիրուսների էվոլյուցիայի հարցերով տեխնիկական խորհրդատվական խմբի արտակարգ նիստի արդյունքները ներկայացնող հայտարարության՝ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր՝ մտահոգություն առաջացնող շտամը՝ B.1.1.529-ը, անվանվել է հունական Omicron տառով:
Տեխնիկական խորհրդատվական խմբի գնահատմամբ՝ Omicron-ն ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսը լուրջ անհանգստություն են առաջացնում: Նախնական տվյալները վկայում են այս շտամով կրկնակի վարակվելու բարձր ռիսկի մասին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ «Օմիկրոնի» դեպքում վիրուսի փոխանցման արագությունն ավելի բարձր է, նաեւ գրանցվել է վիրուսայնության աճ կամ հիվանդության կլինիկական դրսեւորումների փոփոխություն։
Moderna-ն «օմիկրոն»-ի դեմ պատվաստանյութ է մշակում
Ամերիկյան դեղագործական Moderna ընկերությունը հայտարարել է, որ աշխատում է ավելի հզոր բուստերային պատվաստանյութի վրա, որն ավելի լավ կպաշտպանի օրգանիզմը կորոնավիրուսի SARS-CoV-2-ի նոր մուտացիաներից, ինչպիսին է վերջերս հայտնաբերված «օմիկրոն» շտամը:
Moderna-ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ ընկերությունն առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր է արդեն մշակված նոր բուստերային դեղաչափերի փորձարկումներ ձեռնարկել:
Կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ ՀՀ առողջապահության նախարարության, վերջին մեկ օրում ավելացել է 517-ով և դարձել 337 հազար 522:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 14579 մարդ, կատարվել է 2 միլիոն 348 հազար 877 թեստավորում (+6631), առողջացել են վարակվածներից 314020-ը (+1403): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը Հայաստանում 7485 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 7-ով ու դարձել 1438։