«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ եւ ազնիվ». Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հանրության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ»։
Նրա կարծիքով՝ դա արվում է ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելու եւ խուճապ ստեղծելու համար։ Ըստ այդմ՝ Փաշինյանն օրվա գլխավոր խնդիր է համարում Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումը եւ խոստանում, որ կառավարությունը հետեւողականորեն գնալու է այդ ճանապարհով: