Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ Վարդան Գաբոյանի յոթ մայր ոչխարները երեք օր առաջ անկել են։ Ճոճկանի անասնաբույժ Արարատ Հովակիմյանն արձանագրել է, որ պատճառը թունավորումն է։ «Աղեստամոքսային տրակտն ամբողջովին քայքայված էր, միանշանակ թունավորում է»,- ասել է նա։
Ըստ Վարդան Գաբոյանի՝ ոչխարները տունդարձի ճանապարհին ջուր են խմել պոչամբարից։ Խմելու ջրի միակ աղբյուրը «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող «Նահատակ» պոչամբարից ընդամենը 2 մ հեռավորության վրա է։ Ճանապարհի մի կողմում աղբյուրն է, մյուս կողմում՝ պոչամբարը։ Անասնատերը «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի անդամներին տեղեկացրել է, որ չի կարողացել վերահսկել բոլոր ոչխարներին, ու հոտի մի մասը ջուր խմելու համար գնացել է դեպի պոչամբար, որն առանձնացված չէ պաշտպանիչ որեւէ կառույցով։
Առավոտյան նա յոթ ոչխարներին սատկած է գտել: Վարդան Գաբոյանը մոտ կես միլիոն դրամի վնաս է կրել, քանի որ մեկ ոչխարի շուկայական միջին գինը 75000 դրամ է: Փոխհատուցման պահանջով նա դիմել է թե՛ համայնքապետին, թե՛ ընկերության ղեկավարությանը։ Դրական պատասխան չի ստացել, ընկերության ներկայացուցիչը նույնիսկ չի ցանկացել խոսել հետը։ Բայց դեպքի հաջորդ օրը պոչամբարի այդ հատվածը «ցախով» ցանկապատել են։
Բնակիչն իր կրած վնասների փոխհատուցման պահանջով մտադիր է դիմել դատարան: Անկած անասունի միսը փորձաքննության է հանձնել։ Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանն ասել է, որ ընկերությանը փոխհատուցման պահանջ կներկայացնի, եթե փորձաքննության արդյունքներով հաստատվի, որ անասունների անկման պատճառը պոչամբարն է։
«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոնը» բազմիցս բարձրացրել է պոչամբարի ցանկապատման հարցը: Երկարատեւ պայքարից հետո մի կողմից ցանկապատվել է: «Եթե դա կարելի է ցանկապատ համարել»,- ասում է կազմակերպության ղեկավար Օլեգ Դուլգարյանը: Նրա կարծիքով՝ ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի եւ փոխհատուցի քաղաքացու կրած վնասները: Իրենք պատրաստ են պաշտպանելու Վարդան Գաբոյանի շահերը:
Լուսանկարները՝ «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակից, որն օգնում է քաղաքացիներին բարձրաձայնելու բնապահպանական, համայնքային, իրավունքներին առնչվող խնդիրներ։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։