Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող հայատյացությունը աշխարհում երկու ժողովուրդներին թշնամանքի մեջ պահելու նպատակային քաղաքականություն է։ Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ասվածի ապացույցները, որոնք տեսել է Սան Ֆրանցիսկոյում։
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հրավերով ԱՄՆ այցելության ընթացքում Թաթոյանը եղել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցում եւ Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարանում։ Հայկական այս կառույցներն անցյալ տարի հարձակման էին ենթարկվել ադրբեջանական հանցավոր խմբերի կողմից:
Եկեղեցին հրդեհվել էր 2020-ի սեպտեմբերին: Վարժարանը երկու անգամ է հարձակման ենթարկվել, առաջին անգամ՝ հուլիսին․ այդ ժամանակ վարժարանը վանդալիզմի էր ենթարկվել, պատերին հայերի դեմ թշնամանքի ու ատելության խոսքեր էին հայտնվել։
Դրանից հետո՝ 2020-ի սեպտեմբերի 21-ին, հրազենից կրակել էին վարժարանի ուղղությամբ: Թաթոյանն ընդգծում է՝ վարժարանը մանկապարտեզի տարիքից մինչեւ 8-րդ դասարանի երեխաների համար է:
ՄԻՊ-ը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում են երկու հաստատություններում կատարված հանցավոր գործողությունների հետեւանքները։
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտնահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի եւ կրոնի ազատության եւ այլ կենսական իրավունքներ:
«Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ»,- շեշտել է Արման Թաթոյանըը։
Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ: