Թուրքական Anadolu գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի նախագահն ընդունել է Բաքվու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերին եւ Ստեֆան Վիսկոնտիին:
Հանդիպման ընթացքում, որին ներկա էր Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Ադրբեջանի նախագահը բացասական գնահատական է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին։ Նա շեշտել է, որ կազմակերպությունն, անշուշտ, որոշակի մտահղացումներ առաջ քաշել է, սակայն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման հարցում որեւէ դերակատարություն չի ունեցել։
Ալիեւն ասել է, որ երեսուն տարի ձգձգված խնդիրը Ադրբեջանը լուծել է քաղաքական եւ ուժային եղանակներով՝ տարածաշրջանում ստեղծելով միանգամայն այլ իրավիճակ:
Նա նաեւ պատմել է Աղդամի շրջանում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Թուրքական կենտրոնը կվերահսկի կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը:
«Ըստ իս, դա տարածաշրջանային համագործակցության հիանալի դրսեւորում է, միաժամանակ Թուրքայի եւ Ռուսաստանի միջեւ ընդունելի համագործակցության ցուցիչ: Եվ դա արդեն իրողություն է».- նշել է Ալիեւը: