Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ Սոչիի եռակողմ հանդիպումն արդյունավետ է անցել։ Նա նշել է, որ դրա մասին Աշխաբատում իրեն տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ալիեւը պատմել է, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ է եղել։ Որոշվել է Արաքս գետի երկայնքով անցնող երկաթուղու եւ ավտոմոբիլային մայրուղու հարցը։ Օրակարգում է Հայաստանի տարածքով եւ Նախիջեւանով մինչեւ թուրքական Իգդիր հասնող մայրուղու կառուցումը։ Դա Նախիջեւանի խնդրի լուծման, ինչպես նաեւ Հայաստանով անցնելու հաջող քայլ կլինի. եւ՛ մարդիկ կարող են անցնել, եւ՛ բեռներ կարելի է փոխադրել»,- ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում Թուրքմենստանից Թուրքիա վերադառալիս։
Նա հիշեցրել է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ 3+3 ձեւաչափով բանակցելու՝ Թուրքիայի առաջարկի մասին։
«6-ի ձեւաչափի ակտիվացումը՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի եւ, եթե համաձայնեն, նաեւ Վրաստանի մասնակցությամբ, կապացուցի, որ տարածաշրջանային խաղաղություն կա։ Մենք տեսնում ենք, որ այդ ուղղությամբ կան դրական քայլեր»,- ասել է նա։
Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, թե դեմ է այս ձեւաչափին Ռուսաստանի մասնակցության պատճառով։ Պաշտոնական Երեւանը դեռ վերջնական դիրքորոշում չի հայտնել։