ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանի անվտանգությունը էլեկտրահաղորդման գծերի վերականգնման ժամանակ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը հայտնել է, որ էլեկտրահաղորդման գծի տվյալ հատվածն անցնում է կողմերի սահմանազատման գծի երկայնքով, ուստի վարչակազմը դիմել է հրամանատարությանը վերականգնման աշխատանքների անվտանգության ապահովման խնդրանքով: Նա նշել է, որ այս փուլում վերականգնվել են շուրջ 20 կմ էլեկտրահաղորդման գծեր, ինչպես նաեւ գիշերային ժամերին ավելի անվտանգ երթեւեկության համար միացված են ճանապարհային լուսավորության ավելի քան 150 լապտերային սյուներ։
Լեռնային Ղարաբաղի շրջաններում անվտանգության ապահովման խնդիրների կատարման համար կազմվում է ժամանակացույց, որի համաձայն՝ խաղաղապահները մշակում են Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունարանի միջոցով ստացված հայցերը:
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնի մասնագետները տարածաշրջանում անվտանգության ապահովման տարբեր խնդիրներ են կատարում, դրանց թվում՝ ապահովում են քաղաքացիական անձանց անվտանգությունը գյուղատնտեսական, ինժեներական եւ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաեւ ուխտավորների անվտանգությունը սահմանազատման գծի մոտակայքում գտնվող վանական համալիրներ այցելելու ընթացքում: