Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ «Ռուսաստանն է կանչում» («Россия зовет») ներդրումային համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հարցրել են` մտադի՞ր է հերթական նախագահական ընտրություններում դնել իր թեկնածությունը եւ հանուն Ռուսաստանի ի՞նչ նպատակների կցանկանար հասնել։
«Ըստ իս՝ իմ վերընտրվելը Ռուսաստանի նպատակը չէ»,- պատասխանել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ իսկապես կարող է 2024-ին նոր ժամկետով ՌԴ նախագահ ընտրվել։
Վլադիմիր Պուտինը նշել է, որ Սահմանադրության համաձայն` ինքը նոր ժամկետի համար թեկնածություն դնելու իրավունք ունի։ Բայց կանի՞ դա, թե՞ ոչ, դեռ չի որոշել։
Ըստ ՌԴ նախագահի՝ այդ իրավունքի առկայությունն ինքնին ներքաղաքական իրավիճակի կայունացման նախադրյալ է։