ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել է, որ ադրբեջանական զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը:
Ըստ ՀՀ ՄԻՊ-ի՝ բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը նրանց հեռացումն է:
Թաթոյանը արձանագրել է, որ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետեւանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի եւ անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Հետեւաբար, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ խնդիրների իրական պատճառը:
Պաշտպանը նշել է, որ երեկ եւ այսօր ուսումնասիրվել են այս պահին շահագործվող այլընտրանքային ճանապարհի դիտարկվող հատվածները։ Ճաապարհին ուսումնասիրություններ են արվել Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի եւ նրա անձնակազմի հետ:
Դեպքերի կրկնությունը չի բացառվում
Ըստ ՄԻՊ-ի՝ գյուղերում բնակիչները նաեւ վկայել են, որ երբ 90-ականներին այդ այլընտրանքային ճանապարհը ստիպված են եղել շահագործել, ադրբեջանական զինված ծառայողների դիտարկելու պատճառով եղել են նրանց կողմից քաղաքացիական տներ ու մարդկանց հրազենով, այդ թվում՝ դիպուկահար կրակոցներով թիրախավորելու դեպքեր։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ փաստերը հաստատում են, որ հայատյացության պետական հովանավորչությունն ու խրախուսումը Ադրբեջանի իշխանությունների կողմից այս տարիների ընթացքում միմիայն խորացել է եւ նոր՝ ծայրահեղ դրսեւորումներ են ստացել՝ հասնելով ֆաշիզմի։ Իսկ վերջին պատերազմի ընթացքում դրսեւորվել են դաժանություններով ու մարդու իրավունքների այլ կոպիտ խախտումներով: Հետեւաբար, նման դեպքերի կրկնությունը չի բացառվում։
«Ընդ որում, այս ճանապարհի դեպքում տեղանքի առանձնահատկությունն այն է, որ շատ մասեր հատկապես ձմռան ամիսներին կդառնան պարզապես անացանելի: Այս մասին վկայել են նաեւ գյուղերի բնակիչները՝ հիշելով, որ 90-ականներին ճանապարհը շահագործելու ժամանակ բախվել են նույն խնդիրներին: Սա իր հերթին ավելի կխորացնի գյուղերի մեկուսացման աստիճանը»,- շեշտել է ՄԻՊ-ը։
Երաշխավորված չէ մարդկանց կյանքի իրավունքը
«Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար: Մարդկանց չարչարանքը միմիայն գնահատելի է, բայց, ինչպես արդեն ասել եմ, հարցն այստեղ բոլորովին այլ է»,- ընդգծել է Թաթոյանը:
Պաշտպանը նշել է, որ լուծված չէ ամենագլխավորը՝ երաշխավորված չեն մարդկանց կյանքի իրավունքը, անվտանգությունն ու ազատ տեղաշարժի իրավունքը, մյուս կենսական իրավունքները:
Այսինքն՝ որպես այլընտրանքային շահագործվող ճանապարհն օբյեկտիվորեն չի լուծում իրավունքների այն զանգվածային խախտումները վերացնելու հարցը, որ առաջ են եկել ադրբեջանական իշխանությունների, նրանց զինված ծառայողների անօրինական արարքներով (օրինակ՝ անվտանգություն, բնականոն կյանքի վերականգնում եւ այլն):
Միակ ելքը անվտանգության ապառազմականացված գոտու ստեղծումն է
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ անհրաժեշտ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված կամ այլ ծառայողներ մեր համայնքների հարեւանությամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին չպետք է լինեն, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի:
«Դա է ՀՀ բնակիչների իրավունքները վերականգնելու ճանապարհը: Սա ամբողջությամբ բխում է միջազգային փորձից ու չափանիշներից: Ոչ ոք իրավունք չունի անտեսել մարդու իրավունքների եւ հումանիտար խնդիրները սահմանների որոշման հետ կապված գործընթացում եւ վերջ»,- ընդգծել է Պաշտպանը:
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ հատուկ զեկույցները կներկայացնի միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաեւ ՀՀ մարմիններին եւ ՀԿ-ներին: