Ըստ ռուսաստանյան Islamnews գործակալության՝ Շվեդիայի մահմեդականները բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանց զայրացրել է «Բիսմիլլահի Ռինկբի» նախապատրաստական դպրոցը փակելու որոշումը։
Մահմեդականների համար մասնավոր դպրոցների փակման կետն իր ծրագրում ներառել է «Շվեդական դեմոկրատներ» (SD) ծայրահեղ աջ կուսակցությունը, որն օրինագիծ է պատրաստել մահմեդականների համար նախատեսված մասնավոր դպրոցները փակելու մասին։
SD–ի ծրագրային համագումարի ընթացքում քննարկվել են «Շվեդիայում իսլամական մասնավոր դպրոցների» գործունեությանն առնչվող հարցեր: Շվեդ դեմոկրատները պնդում են, որ այդ կրթական հաստատությունները պետք է փակվեն։
Ըստ գործակալության՝ նրանք այլ մասնավոր կրոնական դպրոցների հանդեպ պահանջներ չունեն։
«Շվեդական դեմոկրատներ» կուսակցության քարտուղար Ռիչարդ Ջոմսհոֆը հայտարարել է, որ մահմեդական դպրոցների գործունեությունը պառակտում է մտցնում, ուժեղացնում սոցիալական օտարվածությունը, եւ երկրում ապրող մահմեդականները չեն ադապտացվում եվրոպական իրականությանը:
«Այդ երեխաները հնարավորությունպետք է ունենան դառնալու մեր հասարակության մի մասը, եւ դրա համար պետք է հաճախեն այլ դպրոցներ, այնտեղ, որտեղ կլինեն շվեդ աշակերտներ, եւ այնտեղ կհասկանան՝ ինչ է իրականում նշանակում Շվեդիայում ապրելն ու աշխատելը»,- ընդգծել է Ջոմսհոֆը: