Գյուղը չի վնասվել: Կտուրներից կապույտ ծուխ է տարածվում՝ խաղաղ ձմեռային պատկեր: Զինվորական եւ պահեստազորի տղաները վիրավոր ընկերոջը տեսության են եկել: Տնաքաշ թունդ օղի կա, թթու, կանաչեղեն, պանիր, թոնրի հաց, որ, վառարանին տաք տալուց՝ հին, մեր երեխա ժամանակների բույր է տալիս սեղանին: Տղերքը չեն կողմնորոշվում՝ կրակ վառեն միսը խորովեն, թե՞ տապակեն: Գալիս են ընդհանուր հայտարարի, որ բակում մանղալ դնելն ամոթ է, մի տեսակ դավաճանություն զոհվածների հիշատակին: Նման բարձր բարոյականության միայն գյուղում կարող ես հանդիպել՝ որ փրկվածը բաժակ վերցնի ու ասի. «Երանի զոհվածներին, որ էս ամոթը չտեսան»:
Պատերազմի քառասունչորս օրերին նա ռազմաճակատի արեւելյան ուղղության հրետանային ստորաբաժանման հաշվարկի հրամանատար է եղել եւ հազարավոր արկեր է ուղարկել հանձնարարված կոորդիանատներով: Այդ հատվածում թշնամին անգամ չնչին առաջխաղացում չի ունեցել: Իսկ զինադադարից հետո նրա մարտական դիրքն անցել է Ադրբեջանի վերահսկողությանը:
Տխուր է: Նա դժվարանում է բառեր ընտրել՝ պատմելու ադրբեջանցի գեներալի պահվածքը, երբ եկել էր սահմանազատման: Եւ դեռ հայտնի էլ չէ՝ դա սահման է, բաժանարար գիծ, թե՞ ինչ-որ մի խարդավանք, այնուամենայնիվ, կա: Որովհետեւ ռուս խաղաղապահների հսկիչ կետը ոչ թե հակառակորդի տարածքում կամ գոնե բաժանարար գծվի վրա է, այլ՝ հայկական խորքում: Ապահովությունն, ահա, մեր ներսում ռուսական դրոշի ներկայությունն է, իսկ թշնամին դատարկված Նոր Սեյսուլանում պոկում է տների թիթեղածածկը, փայտեղենը, կողոպտում-տանում է:
Նոր Սեյսուլան եւ Հովտաշեն գյուղերում տարհանումը հրահանգել են նոյեմբերի 21-ի երեկոյան՝ կարգադրելով հեռանալ մինչեւ հաջորդ օրվա առավոտյան 9-ը: Թշնամին գիտի, որ Նոր Սեյսուլանի հարցն ի վերջո կարգավորվելու է հօգուտ մեզ, դրա համար էլ հիմնովին կողոպտում է՝ ինչը մարդիկ հետները վերցնել չէին կարող կամ իշխանությունների մեղքով թողել են: Թշնամուն են մնացել տների կահ-կարասիները, նույնիսկ՝ անկողինները, որովհետեւ Մարտակերտի շրջվարչակազմը տարհանվողներին միայն վառելիք է հատկացրել: Տրանսպորտ պիտի իրենք գտնեին:
Շատերը հեռացել են մի ձեռք շորով: Անտարբերություն է, անզորություն, թե՞ սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն՝ տղաները գնահատական չեն տալիս: Այդ իրավունքը համեստորեն թողնում են ավելի բարձր ղեկավարությանը: Եւ անհասկանալի, անտրամաբանական է թվում, թե նոյեմբերի 11-ից արդեն ստույգ իմանալով, որ Աղդամի տարածքում վերաբնակեցված գյուղերը դատարկվելու են, տեղական պատասխանատուներն ինչո՞ւ չեն կազմակերպել համայնքային նշանակության գույքի տեղափոխումը: Կողոպտել են համայնքապետարաններ, դպրոցներ, գրադարաններ, մշակույթի տներ: Ո՞վ: Ամեն դեպքում՝ ոչ թշնամին: Եւ ոստիկանությունը, որ այլ դեպքերում անսխալ գիտի, թե որ գյուղացու բակում քանի թեւ հավ, քանի գլուխ կով ու ոչխար կա, չքմեղանում է:
Ոչ ոք ոչնչից տեղյակ չէ: Ոչ ոք պատասխանատու չէ: Ոչ ոք չգիտի, թե ինչո՞ւ էին արդեն սեպտեմբերի 25-ից ֆուռեր մտնում Արցախի քաղաքներ եւ գյուղեր: Դատարկ գալիս, բեռնաբարձ հասնում էին Հայաստան: Ի՞նչ էին տանում: Ու՞մ ունեցվածքն էին փրկում պատերազմի ավերումներից:
Ինչու՞: Ի՞նչ իրավունքով:
Հոկտեմբերի 23-ին ստեփանակերտցի 57-ամյա վարորդին, ում մեքենան վարձել էի՝ արդեն մեկ շաբաթ ջերմության մեջ տառապող կնոջս Երեւան հասցնելու, Տեղի անցակետում թույլ չտվեցին շարունակել ճանապարհը: Մարդն առաջին պատերազմի երրորդ խմբի հաշմանդամ է: Ասացին՝ միայն առաջին եւ երկրոդ խմբի հաշմանդամ եւ վաթսունից բարձր տարիքի տղամարդկանց է թույլատրվում դուրս գալ Արցախից: Տեղի տղաներից մեկը մեզ հասցրեց Գորիս, այնտեղից էլ ուշ գիշերին հասանք Երեւան:
Եւ ամբողջ ճանապարհի երթեւեկը միակողմանի էր գրեթե՝ Արցախից դեպի Երեւան: Այդ միկրոավտոբուսների, ծանրաքարշ բեռնատարների համար արգելք չկա՞ր: Հետո ինձ ասացին, որ մի բարձրաստիճան պաշտոնյա Գանձասարում մոմ է վառել եւ ասել, որ ընդմիշտ հեռանում է, այլեւս Արցախ ոտք չի դնելու, որովհետեւ «թուրքը մի քանի օր հետո հասնելու է էստեղ էլ»:
Այսինքն՝ Գանձասար:
Իսկ զինվորական երկրորդ խմբի հաշմանդամ տղան հոր, կնոջ եւ չորս երեխաների հետ մի օր իսկ մեր գյուղից չի հեռացել: Իսկ ընդամենը երեք ամիս առաջ սոցապնախարար մեկը հոխորտում էր, որ ապրիլյան քառօրյայից հետո թշնամու դասավորության գոտում հատուկ առաջադրանք կատարելիս ծանր վիրավորում ստացած այդ տղային հաշմանդամության երկրորդ կարգ չի հասնում, որովհետեւ… ոտքը ենթակա է պրոթեզավորման:
Ահա այսպիսի կոնտրաստ:
Այսօրվա իրավիճակը երեկվա աղավաղումների հայելապատկերն է: Երբ բարձրաստիճան զինվորականը ճամարտակում էր, թե պատերազմում հաղթում է ոգին, իսկ սպառազինությունները, հանդերձավորումը, սնունդը, բուժօգնությունը երկրորդական-երրորդական են:
Եւ այս հանցավոր անտարբերության զոհ դարձավ մի ամբողջ սերունդ:
Հեռուստացույցի էկրանին զորհվածների հերթական ցուցակն է: Երկրորդ տողում՝ իմ սանիկի ազգանուն-անուն-հայրանունն է: Հիսունհինգ օրվա անհայտությունից մասունքներ են գտել, փորձաքննությամբ ինքնությունը ճշտել: 19-ամյա պատանու կյանքն ընդհատվել է ինչ-որ տեղ՝ Ֆիզուլի-Ջեբրայիլ-Հադրութ եռանկյունու մի ամայի կետում:
Սարսափելի է: Իսկ ուրիշները դեռ սպասում են:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։