ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ՀՀ Սյունիքի Գորիս–Կապան հատվածում հայկական կողմի տեղադրած անցակետերին, հայտարարել է, որ մարզի Գորիս–Կապան ավտոճանապարհին ադրբեջանական որեւէ մեքենա դեռեւս չի հատել ՀՀ սահմանը։
Բադասյանը նշել է, որ Պետեկամուտների կոմիտեի մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս–Կապան ավտոճանապարհին։ Ըստ նրա՝ մաքսային ծառայողների համար հավուր պատշաճի պայմաններ ստեղծելու աշխատանքներ են ընթանում։
«Բուն գործառույթներին հարցը չի հասել, դա այն դեպքերում կլինի, երբ ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը, ու մաքսային ծառայություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,- հավելել է Բադասյանը:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ պետական որոշ ծառայողներ արդեն ծառայություն են իրականացնում: Նա ասել է, որ մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղակայված են նույն վայրերում, որտեղ այլ պետական աշխատողներն են, մինչեւ հավելյալ հարմարությունների ստեղծումը։
Բադասյանը նպատակահարմար չի համարել մանրամասնել, թե որտեղ են տեղակայված մաքսային ծառայողներն ու ինչ կարգավիճակով։
Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին նոյեմբերի 11-ից եւ նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։ Նման մաքսակետեր է տեղադրել նաեւ հայկական կողմը։