Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած քառասունչորս գերիների ցուցակում կար նաեւ պատերազմից երկու ամիս առաջ գերեվարված Նարեկ Սարդարյանի անունը:
Նարեկը, սակայն, չի վերադարձել:
Ցուցակում նրա անվան դիմաց ռուսերենով նշված է՝ գտնվում է Նախիջեւանում: Չնայած ցուցակում անվան ընդգրկմանը՝ գերիների հարցերով զբաղվողներին չի հաջողվել նրան այս անգամ վերադարձնել: Պատճառն, ըստ հարազատների, հավանաբար նրա գտնվելու վայրի հեռավորությունն է։ Ադրբեջանը դեռ ցամաքային ճանապարհ չունի Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, եւ Նարեկին հավանաբար չեն հասցրել տեղափոխել Բաքու:
Նարեկ Սարդարյանի իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եւրոպական դատարանում հանձնառած երեւանյան փաստաբանական գրասենյակից «Ալիք մեդիա»-ին հայտնեցին, թե ամեն ինչ արվում է, որ գերիների մյուս խմբաքանակի հետ նախ Նախիջեւանից Բաքու, ապա Հայաստան բերվի նաեւ Նարեկը:
Երեկ ռուսական օդանավով քառասունչորս գերի է վերադարձվել (մինչ այս վերադարձվել էր այս պատերազմում գերեվարված մեկ, ապա՝ երեք քաղաքացիական անձ), սակայն մինչեւ հիմա հայտնի չէ, թե Հայաստանը քանի՞ գերի ունի Ադրբեջանում, ի՞նչ սկզբունքով են ընտրվում եւ վերադարձվում գերիները, ինչո՞ւ չի կիրառվում հայտարարված «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը։
Չնայած գերիների հետ կապված բազում հարցերին՝ Հայաստանում եւ Արցախում երեկ պատերազմից հետո ամենաուրախ օրն էր: Վերադարձողների հարազատների ուրախությունը կիսում էին նաեւ անծանոթ մարդիկ:
Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովն է բանակցել գերիների փոխանակման շուրջ․ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարն անձամբ ադրբեջանական կողմին հանձնել է տասներկու հոգու, իսկ հայկական կողմին՝ քառասունչորս:
Վերադարձված գերիների մեջ կան նաեւ մինչեւ այս պատերազմը գերեվարված զինվորականներ եւ քաղաքացիական անձինք: Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը եւս քաղաքացիական անձ է, որ գերի է ընկել այս տարվա հուլիսի 8-ին՝ Սիսիանի տարածաշրջանում, որտեղ զբաղվում էր անասնապահությամբ: Ադրբեջանը նրան, ի տարբերություն նախորդ տարիներին գերեվարված հայ զինվորների եւ քաղաքացիների, չի ներկայացրել որպես դիվերսանտ:
«Ալիք մեդիա»-ի հետ զրույցում Նարեկի կինը՝ Հերմինե Առաքելյանն ասաց, որ նա ապօրինի է պահվում Ադրբեջանում, որ քրեական որեւէ գործ հարուցված չէ: Մարդու իրավունքների եւրոպական դատարանը հուլիս ամսին բավարարել է Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը, որ ներկայացրել էին փաստաբաններ Արտակ Զեյնալյանն ու Արայիկ Ղազարյանը, սակայն Ադրբեջանը անորոշ պատասխաններ է տվել, որը չի բավարարել ընտանիքին ու փաստաբաններին: Հայաստանի ԱԱԾ-ն Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու դեպքով հարուցել է քրգործ՝ մարդուն առեւանգելու հոդվածով:
Նարեկի հարցով զբաղվում է նաեւ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն։ Երկու անգամ այցելել են Նախիջեւան, նամակագրություն ապահովել Նարեկի եւ հարազատների միջեւ: Հոկտեմբեր ամսին գերության մեջ լրացել է նրա 30-ամյակը:
Հերմինե Առաքելյանն ասում է, որ ընտանիքը՝ ինքը, ծնողները, երեխաները, հարազատները հույսը չեն կորցնում, հավատով սպասում են Նարեկի գալուն: «Նարեկի վերադարձին սպասում է ամբողջ գյուղը: Նարեկը կգա եւ կտեսնի լրիվ ուրիշ իրականություն: Նրա ծննդավայր Ներքին Խնձորեսկը դարձել է սահմանամերձ, պատերազմի ժամանակ ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է նաեւ մեր տունը, իր սենյակը, Նարեկի հարազատներից եւ ընկերներից մի քանիսը զոհվել են պատերազմում…»:
Հ. Գ. Քիչ առաջ հարազատներն «Ալիք մեդիա»-ին հայտնեցին, որ ռուս խաղաղապահների միջոցով Նարեկ Սարդարյանը Նախիջեւանից ցամաքային ճանապարհով հասել է Հայաստան: «Խոսել ենք հետը, հուզված էր, դեռ չենք տեսել, շուտով կտեսնենք».- ասաց եղբայրը։
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։