Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել է, որ 2021-ի նոյեմբերի 9-ին Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո արդեն շուրջ մեկ ամիս Արցախում բջջային հեռախոսակապն ու համացանցը գործում են լուրջ խափանումներով։
ԱՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ խնդիրն առավել սուր է Արցախի՝ հայ–ադրբեջանական շփման գծի հարեւանությամբ հայտնված համայնքներում։ Որոշ համայնքներում ընդհանրապես կապ չկա։
«Կասկած չկա, որ բջջային կապի եւ համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների եւ տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,- ընդգծել է Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ը շեշտել է, որ Ադրբեջանը ցանկացած մեթոդ օգտագործում է Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու եւ անհարմարություններ պատճառելու համար: Պաշտպանն իր հայտարարությամբ պատկան մարմինների եւ ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունն է հրավիրել խնդրի վրա` հավելելով, որ դա կարեւոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլև հստակ հումանիտար բնույթ ունի։
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ նույն խնդիրն առաջացել էր նաեւ օգոստոսին, երբ հեռահաղորդակցության օպերատոր ընկերությունների հետ քննարկման ընթացքում պարզվել էր, որ Ադրբեջանը խլացնում է Արցախի ամբողջ տարածքում բջջային կապն ու համացանցը։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն այդ ժամանակ դիմել էր Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, եւ նրանց միջամտությամբ խնդիրը կարգավորվել էր։