Փաշինյանը պետք է գնա: Բայց: Այստեղ խնդիր կա: Քաղաքական ոչ մի ուժ չունի այնպիսի մի ծրագիր, որ Փաշինյանն իրենից վատ կարող է անել: Երկրորդ, Հայաստանը ներքին մարտահրավեր չունի, Հայաստանն ունի միայն արտաքին մարտահրավերներ: Փաշինյանն աշխարհաքաղաքական իմաստով տանուլ տալու Հայաստան չունի, չկա այդպիսի Հայաստան։ Ինչ հնարավոր էր տանուլ տալ, մարդը տանուլ տվեց։
Իսկ այստեղ ծագում է այն հարցը, թե քաղաքական ուժերն իրենք իրենց առջեւ ինչ խնդիր են դրել: Այնքան հստակ է նրանց կողմնորոշումը դեպի Հյուսիս կամ Արեւմուտք, որ կասկածում ես՝ նրանց ծրագրերում Հայաստանը կա՞: Այստեղ հարցը նույնիսկ Փաշինյանը չէ: Հայաստանում այսօր ժողովուրդն է իշխանության ընդդեմ էլիտայի: Որովհետեւ ժողովուրդը չի ուզում, որ առանց իրեն հարցեր լուծվեն: Այս իմաստով Փաշինյանը կամաց-կամաց գնում է նախկինների ճանապարհով, ժողովուրդը կրկին չի հասկանում, թե իր վարչապետը ինչ է խոսում աշխարհի մեծերի հետ իր թիկունքում: Ու որպեսզի «հասկանալի» լինի, Փաշինյանը ժողովրդի վրա «քսի» է տալիս իր էլիտային, որն ընդհանրապես անուն չունի:
Դիցուք, այսօր ոչ ոք չգիտի, թե ինչի վրա կենտրոնանա՝ Հայաստանում մնալո՞ւ, թե՞ Հայաստանից փախչելու, ի վերջո ի՞նչ են խոսում Ալիեւն ու Փաշինյանը Պուտինի հետ: Նախկիններն իրենց իշխանությունը պահելու մոլուցքը թաքցնում էին Ղարաբաղի հարցի տակ, Փաշինյանն արդեն Հայաստանի հարցերով է խոսում, ու հարկատուն չգիտի՝ ինչ սպասի: Հենց այս չիմացությունը Հայաստանը դարձնում է մարտահրավերային, այսինքն՝ ծնվում են ներքին մարտահրավերներ, որովհետեւ սպասելիքների անորոշությունն արդեն Հայաստանի ներսում է, պարզ չէ՝ մեր անկախությունը վտանգի տա՞կ է, թե՞, չնայած բոլոր խնդիրներին, մեր անկախությանը ոչինչ չի սպառնում:
Այս իրավիճակում շատ ավելի անհասկանալի են դառնում Փաշինյանի թե՛ մնալը եւ թե՛ գնալը: Որովհետեւ մյուսներն ի՞նչ են ասում, որ չի ասի փաշինյանական քաղաքագետը, վերլուծաբանը, պաշտոնյան:
2021-ի հունիսի ընտրություններն ընտրություն էին հայաստանյան էլիտայի դեմ, որի թեւերով իշխանություն վերցնելու հույս ունի Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Ռուբեն Վարդանյանը: Այսինքն՝ էլիտան, նրա առաջնային գործիչներն ընտրություն կարդալ չգիտեն: Ու ամենազվարճալին այն է, որ մասնակցում են ընտրությունների (այս դպքում՝ ՏԻՄ):
Վերադառնանք այն մտքին, որ Փաշինյանը պետք է գնա: Իսկ կա՞ մի բան, որ եկողները Փաշինյանից ավելի լավ կարող են անել: Առաջիկայում ուրվագծվող եկողներն արդեն մեր տեսադաշտում են, իսկ նրանք իրենց առջեւ հայաստանյան խնդիրներ չեն դրել: Որովհետեւ Հայաստանը նաեւ իրենք են տարել պարտության: Հայաստանը հիմա իր պատմության ամենավտանգավոր փուլում է, կարծես թե ամեն ինչ նման է նախկինների վարքին՝ հանած Ղարաբաղը: Նախկինները իշխանությունը բռնի պահում էին Ղարաբաղի անունից, իսկ հեռանալու դեպքում էլ գիտեին, որ չեն պատժվի ապօրինությունների համար: Բայց Փաշինյանի պարագան այլ է՝ արդյո՞ք համաչափ էին զոհողությունները, որոնք արվեցին, եւ այն գինը, որ դեռ վճարում ենք:
Փաշինյանը պետք է գնա, բայց նրա գնալու ճամփան էլ պետք է մաքուր լինի, որով չեն վերադառնա Ղարաբաղի պարտության համահեղինակները։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: