Ինչո՞ւ այսպես եղավ։ Սա հարց է, որ տարուց ավելի է, բոլորս տալիս ենք մեզ եւ իրար։ Շվարած մեր շուրջն ենք նայում ու զարմանում՝ այսպես չպետք է լիներ։ Մեզ հավատացրել էին, մեզ հավատացրել էինք, թե ոչ մի զարգացում չպետք է կարողանար մեզ այս հանգրվան բերել։
Վստահ էինք՝ հաղթել ենք ու հաղթելու ենք։ Այնքան վստահ էինք, որ չէինք էլ մտածում-քննարկում, թե որն է մեր ապագա հաղթանակի գրավականը, ինչու է մեր ապագա հաղթանակն անպայման։ Կասկած հայտնողները տեղ չունեին մեզանում։ Ասվել էր՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ֆեյսբուքներում սրտիկում, իսկ իրական կյանքում ինքնամոռաց ծափահարում էինք (այսօր էլ ենք ծափահարում) անզիջումներին ու «ոչ մի թիզ»-ականներին։ Ղարաբաղի հարցը լուծված էինք համարում։ Պահանջում էինք, որ աշխարհը եւ Ադրբեջանը մեր լուծման հետ հաշվի նստեն, որ մեր լուծումն ընդունեն։
Բայց եղավ այսպես։
Իսկ այսպես եղավ, որովհետեւ անհեռատես ենք ու անշրջահայաց։ Որովհետեւ մեր քայլերը հաշվելիս դիմացինի քայլերը չենք հաշվում եւ մեր հնարավորություններն ու մեր ցանկությունները չենք համադրում։
Այսպես եղավ, որովհետեւ արհամարհում ենք աշխարհում ընդունված խաղի կանոնները։
Այսպես եղավ, որովհետեւ սառը դատելու կոչ անողներին, միջազգային հանրության կարծիքի հետ հաշվի նստել, հարեւանի հետ զրույցի ու փոխհասկացության գնալ առաջարկողներին պարտվողականներ էինք անվանում։
Այսպես եղավ, որովհետեւ Արցախի հարցի շուրջ բանակցությունները որպես հարցը ձգելու միջոց էինք դիտարկում։ Չէինք պատկերացնում-հավատում-հասկանում, որ մի օր դա վերջ է ունենալու։
Այսպես եղավ, որովհետեւ թշնամությունը գերադասեցինք ու գերադասում ենք խաղաղ համակեցության հնարավորությանը։
Այսպես եղավ, որովհետեւ լացում ու լացում ենք, բողոքում ու բողոքում ենք, թե բոլորը՝ Եվրոպան, Ամերիկան, Ռուսաստանը, պարտականություններ ունեն մեր նկատմամբ, որ չեն կատարում։
Այսպես եղավ, որովհետեւ պատմությունից դասեր չենք քաղում։ Մեր պատմությունը, որ պարտությունից պարտություն ձգվող մի հսկայական ճանապարհ է, առասպելի ենք վերածել։ Չենք ճանաչում մեր պարտությունները։
Այսպես եղավ, որովհետեւ մեր բոլոր կորուստների ու մեր բոլոր տապալումների պատճառը մեր մեջ փնտրել ու գտնելու փոխարեն փնտրում ու հաջողությամբ գտնում ենք մեր վատ հարեւանների ու խարդախ դաշնակիցների մեջ։
Այսպես եղավ, որովհետեւ վազել ենք ու վազում ենք սնամեջ երազանքների ու սուտ խոստումների հետեւից։
Մենք իրատես չենք։ Մեր անիրատեսությունն է մեր բոլոր անհաջողությունների ու բոլոր կորուստների պատճառը։ Մեր անիրատեսությունն է պատճառը, որ չենք կարողանում գծել մեր հնարավորությունների սահմանը եւ դուրս չգալ այդ սահմանից։ Մեր անիրատեսությունն է ստիպում մեզ վազել պատրանքների հետեւից։ Հավատալ, թե դրանք իրականություն են դառնալու։ Ու չենք հասկանում, որ այդ անիմաստ վազքի ընթացքում մեր ունեցածն ենք կորցնում։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։