Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ռիգայում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ն անցկացվող ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին հայտնել է, թե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի 3-ին հեռախոսով բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Թուրքիան կողմ է Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիային։ Մենք կապի մեջ ենք երկու կողմերի հետ էլ»,- ասել է նա: Չավուշօղլուն նշել է, որ բանակցություններ է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարների հետ:
Էրդողանը եւս հայտարարել է, թե Թուրքիան որպես միջնորդ կամ ուղղակի այս հարցի շուրջ կողմերի հետ բանակցելով՝ ուզում է մասնակցություն ունենալ ճգնաժամի հանգուցալուծման հարցում։ Ավելին՝ Էրդողանն ասել է, թե Անկարան առաջարկում է Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողով անցկացնել։ Կիեւը անմիջապես համաձայնել է Թուրքիայի նախագահի այս նախաձեռնությանը, Մոսկվան՝ բացասական պատասխան տվել։
Անհնար է որեւէ համաձայնություն առանց Կիեւի
Պաշտոնական Կիեւը ողջունել է Էրդողանի առաջարկը՝ ընդգծելով, որ Կիեւը նախկինի պես հավատարիմ է կարգավորման նորմանդական ձեւաչափին: Սրա հետ մեկտեղ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Թուրքիան հիանալի հարաբերություններ ունեն, իսկ նախագահներ Էրդողանի եւ Զելենսկու միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ։ «Մենք կողջունենք ցանկացած ջանք, որը կարող է օգնել վերջ դնելու այդ պատերազմին, վերադարձնելու ուկրաինական տարածքների նկատմամբ վերահսկողությունը, որոնք այժմ Ռուսաստանի վերահսկողության տակ են»,- շեշտել է Դմիտրի Կուլեբան։ Ուկրաինացի դիվանագետը շեշտել է, որ անհնար է որեւէ համաձայնության հասնել առանց Կիեւի մասնակցության։
Ռուսաստանը հակամարտող կողմ չէ
Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հեռակա բանավեճ է ծավալվել Թուրքիայի՝ Մոսկվայի եւ Կիեւի միջեւ միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին հայտարարությունից հետո։
Արձագանքելով Թուրքիայի առաջարկին՝ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ Թուրքիայի միջնորդական դերի մասին խոսք լինել չի կարող: Դոնբասի հակամարտությունը Ուկրաինայի ներքին խնդիրն է, եւ Ռուսաստանն այդ հակամարտության կողմ չէ։
«Թույլ չենք տա Ռուսաստանը որպես այդ հակամարտության կողմ ներկայացնելու փորձեր, ուստի չի կարելի խոսել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ Թուրքիայի միջնորդության մասին։ Այնուհանդերձ, մեր երախտագիտությունն ենք հայտնում թուրքական կողմին, մասնավորապես Թուրքիայի նախագահին։ Անկարան կարող է Կիեւին հետ պահել Դոնբասի դեմ ագրեսիվ գործողությունների ծրագրից»,- ասել է Զախարովան: Ավելի վաղ նույնանման պատասխան էր տվել նաեւ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զախարովայի հայտարարությունից ժամեր անց հայտնել է, որ առաջիկայում նախատեսված է Պուտին-Էրդողան հեռախոսազրույց, երկու առաջնորդները կքննարկեն նաեւ Ուկրաինայի շուրջ իրավիճակը։