ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատանքային այցով Ստոկհոլմում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահ Անդրեաս Նորլենի հետ:
Միրզոյանն իր զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի եւ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներթափանցման, վերջերս իրականացրած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է տարածաշրջանում սրված իրավիճակի թուլացման եւ կայունացման համատեքստում միջազգային հանրության պատշաճ եւ հասցեական արձագանքի կարեւորությունը:
«Անդրադառնալով հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին՝ Արարատ Միրզոյանն առանձնահատուկ շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաեւ պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հաղթահարման անհրաժեշտությունը»,–ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արարատ Միրզոյանը եւ Անդրեաս Նորլենն անդրադարձել են նաեւ երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, երկկողմ ու բազմակողմ հարթակներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
ՀՀ արտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարում Շվեդիայի կողմից, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում ցուցաբերվող աջակցությունը։
Հայաստան-Եվրամիություն գործընկերության առավել խորացման համատեքստում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու Շվեդիայի Ռիկսդագի նախագահը քննարկել են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցեր: