Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից (ԱԴԾ) հայտնել են, որ ՌԴ-ում Ուկրաինայի հատուկ ծառայությունների երեք գործակալներ են ձերբակալվել, երկուսը հայր ու որդի են, որոնք ռազմավարական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ են հավաքել, երրորդը մի երիտասարդ է, որն ահաբեկչություն է ծրագրել։
ԱԴԾ-ն ռուսական երեք շրջանների տարածքում կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետախուզական-դիվերսիոն գործունեությունը:
«Ձերբակալվել են 1974 թվականին ծնված Կովալ Զինովեւիչը եւ նրա որդին՝ 1999 թվականին ծնված Կովալ Զինովեւիչը, որոնք Ռուսաստանի տարածք են ժամանել տեղեկություններ հավաքելու եւ կենսապահովման ռազմավարական կարեւոր ձեռնարկությունների եւ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները լուսանկարելու եւ տեսանկարահանելու նպատակով»,- ասված է Ռուսաստանի ԱԴԾ հաղորդագրության մեջ:
Գործակալների ավտոմեքենայում հայտնաբերվել է կարճափող զենք, ինչպես նաեւ անհատական պաշտպանության միջոցներ, որոնք ուղարկվել են փորձաքննության:
Ձերբակալվածները խոստովանել են, որ իրենց հավաքագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայության վարչության աշխատակից, 1973-ին ծնված գնդապետ Կովալիկ Վասիլի Վասիլեւիչը: Վերջինս 10 հազար դոլար վարձատրության դիմաց նրանց ռազմավարական օբյեկտների մասին տեղեկություններ հավաքելու առաջադրանք է տվել։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մանրամասներ է հայտնել նաեւ երրորդ ձերբակալվածի մասին` Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության գործակալ, 1998-ին ծնված Ալեքսանդր Ցիլիկը Ռուսաստան է ուղարկվել ահաբեկչություն իրականացնելու նպատակով: