ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ստոկհոլմում այսօրվա երկկողմ հանդիպմանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
«Պետքարտուղարը ողջունել է ուղիղ բանակցությունների վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Հանդիպման օրակարգում են եղել նաեւ իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները։
«Պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել են համագործակցության շարունակության կարեւորությունն այն ոլորտներում, որտեղ կողմերի շահերը համընկնում են, դրանց թվում՝ միջուկային զենք ունենալու Իրանի ջանքերը արգելափակելու հարցում»,- ընդգծել է ԱՄՆ պետդեպը։