Բեյսբոլի գլխավոր Լիգան 1994-1995 թվականների մրցաշրջանից ի վեր առաջին անգամ հայտարարել է աշխատանքները դադարեցնելու մասին:
Ամերիկյան լրատվամիջոցներն ազդարարել են, որ Լիգան եւ բեյսբոլիստների արհմիությունն ի վիճակի չեն եղել համաձայնեցնելու աշխատանքային նոր պայմանագիրը: Այդպիսով Բեյսբոլի գլխավոր լիգան դադարեցրել է բեյսբոլիստների գրանցումը, նրանց տեղափոխությունն ակումբից ակումբ եւ մարզումային գործընթացը:
Լիգայի ներկայացուցիչ Ռոբ Մանֆրեդը նշել է, որ թեեւ Լիգան ամեն ինչ արել է խաղացողների արհմիության հետ աշխատանքային նոր պայմանագիր կնքելու համար, այդուհանդերձ, 26 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը չի հաջողվել շարունակել: «Դրա համար էլ ստիպված ենք դեկտեմբերի 2-ից բոլոր աշխատանքները դադարեցնել»,- ընդգծել է Մանֆրեդը:
Ամերիկյան NBC հեռուստաալիքի տվյալներով՝ Բեյսբոլի գլխավոր լիգան բեյսբոլիստների աշխատավարձերի վճարման համար նախատեսել էր 1,4 միլիարդ դոլար: Մասնավորապես Լիգայի առաջատար խաղացող Կորի Սիգերը տարեկան 32,5 միլիոն դոլար աշխատավարձ պետք է ստանար: Սակայն պարզվել է, որ նոր պայմանագրով խաղացողների աշխատավարձերի միջին չափը նվազել է: Իսկ դա ձեռնտու չէր բեյսբոլիստների արհմիությանը:
Առայժմ դժվար է գուշակել՝ նոր պայմանագիր կնքելու շուրջ բանակցությունները որքան կտեւեն: Լիգայի ղեկավարությունը մինչեւ 2022-ի գարունը դեռ բավարար ժամանակ ունի այդ բացը լրացնելու համար, իսկ եթե խաղացողների հետ ընդհանուր լեզու չգտնեն, Միացյալ Նահագները 2022-ին կմնա առանց բարձրակարգ բեյսբոլի: