ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր Ստոկհոլմում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել տարածաշրջանում սահմանային վերջին լարվածությունից հետո ստեղծված իրավիճակը։ Զրուցակիցները կարեւորել են լարվածության թուլացմանն ուղղված քայլերի իրականացումը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը` պաշտոնյաները շեշտել են մարդասիրական հարցերի լուծման անհրաժեշտությունը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների եւ այլ պահվող անձանց վերադարձը։
«Կարեւորվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատով»,- թվիթերյան գրառմամբ հայտնել է Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։
ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Պաշտոնական Բաքուն նշում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, մասնավորապես տնտեսության, էներգետիկայի եւ անվտանգության ոլորտում»։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Բայրամովը պետքարտուղար Բլինքենին ներկայացրել է իրավիճակը Հարավային Կովկասում անցած տարվա պատերազմից ու հրադադարից հետո, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածութան պատճառները։