Հաագայում նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովը։ Քննարկվել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, մարտահրավերները եւ առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Ֆերնանդո Արիասը։
Հայկական պատվիրակության ղեկավարը՝ ՀՀ ԱԳՆ միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ։
Հայտարարությունում անդրադարձել է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման եւ վերջինս չքաղաքականացնելու կարեւորությանը։
ՀԱՊԿ-ի անունից ընդգծվել է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության եւ անաչառության պահպանման կարեւորությունը։
«Համաժողովին տարածվեց Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով»,- նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հայաստանը բարձրացրել է Արցախի դեմ կիրառված անթույլատրելի քիմիական նյութերի հարցը: Պաշտպանության բանակը եւ ՀՀ արտգործնախարարը պնդել են, որ կիրառվել է սպիտակ ֆոսֆոր։