Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ Ուկրաինայի շուրջ լարվածությունը ավելի սրվեց, երբ Ռուսաստանի առաջնորդը իրավաբանական երաշխիքներ պահանջեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի շարունակի առաջխաղացումը դեպի Արեւելք: Սակայն, ըստ պարբերականի, այդ դիրքորոշումն անընդունելի է ՆԱՏՕ-ի համար:
Պուտինը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների հետ Ուկրաինայի խորացող ռազմական համագործակցությունը Ռուսաստանի համար էքզիստենցիալ սպառնալիք է համարում: ՌԴ նախագահը չորեքշաբթի Կրեմլում դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Մոսկվան ուզում է բանակցություններ սկսել Արեւմուտքի հետ՝ ռուսական սահմանների մոտ դաշինքի ընդլայնման դադարեցման շուրջ:
New York Times-ի հոդվածագրի կարծիքով, սակայն, Պուտինի այդ պահանջին ՆԱՏՕ-ն հազիվ թե համաձայնի: Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը համոզված է, որ ցանկացած երկիր կարող է ինքնուրույն ընտրել՝ որ երկրի հետ դաշինք կազմի, որի հետ՝ ոչ:
«Միմիայն Ուկրաինան եւ ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներն են որոշում՝ երբ Ուկրաինան պատրաստ կլինի անդամագրվելու ՆԱՏՕ-ին,- Ռիգայում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերգը:- Ռուսաստանը վետոյի իրավունք չունի, Ռուսաստանը այստեղ ձայն չունի, Ռուսաստանը իրավունք չունի ազդեցության ոլորտներ սահմանելու՝ հարեւաններին վերահսկելու համար»:
«Այդուհանդերձ, Վլադիմիր Պուտինն, ըստ ամենայնի, ուղիղ բանակցություններ է պահանջում ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, որը ձգտում է կայուն, կանխատեսելի հարաբերություններ հաստատելու Կրեմլի հետ»,- գրում է New York Times-ը:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը