«Ես Արման Գրիգորյանն եմ, արվեստագետ, բավական հին՝ «պերեստրոյկայի» շրջանի: Այնքան հին, որ Բեռլինում «Սովետական եւ ամերիկյան արվեստագետները՝ 60-90-ական թվականներին» խորագրով ցուցահանդես է բացվել, եւ այդ ցուցահանդեսը սկսվում է աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիր եւ առաջնորդ Ջեքսոն Պոլոքով եւ ավարտվում ինձնով»:
Հայաստանում 1980-ականների կոնցեպտուալ եւ փոփ-արվեստային շարժման ներկայացուցիչ Արման Գրիգորյանի աշխատանքները հաճախ են վիճարկում ակադեմիական արվեստի ավանդույթները: Դրանցից մեկն այսօր ցուցադրվում է ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն): Նկարիչն այն պատերազմից հետո է ստեղծել:
Խորհրդարանի շենքի դիմաց ցուցարարները խոստացված խաղաղության դարաշրջանն են պահանջում, պահանջողներից մեկն էլ ինքն է՝ նկարիչը: Ըստ նկարչի՝ ժամանակակից արվեստագետը պետք է աշխատի հասարակական-քաղաքական համատեքստում, արվեստը նաեւ ստեղծված պետք է լինի ազատական գաղափարներով: «Հայ ժամանակակից արվեստը մեր տարածաշրջանում պետք է տարբերվի, առաջադեմ լինի: Իմ գրեթե բոլոր գործերում ֆիգուրները մերկ են: Մերկ կերպարների գեղանկարներով, քանդակներով, արձաններով կարող ենք որոշել հասարակության առաջադիմությունը, դա ինձ համար չափանիշ է»,- ասում է նկարիչը:
Արման Գրիգորյանի աշխատանքի կողքին ժամանակակից արվեստագետների եւս 34 գործեր կան, նրանց մեջ են նաեւ Համլետ Հովսեփյանի, Արա Հայթայանի, Նարեկ Ավետիսյանի, Սարգիս Համալբաշյանի եւ այլ արվեստագետների աշխատանքները:
Երկու տարի առաջ ՆՓԱԿ-ի հիմնադիր Սոնյա Պալասանյանի նախաձեռնությամբ կենտրոնի ցուցասրահներից մեկն անվանեցին «Հայաստան-Սփյուռք ցուցասրահ»: Ի սկզբանե որոշված էր, որ այս ցուցասրահում տեղ գտած աշխատանքները թարմացվեն վեց ամիսը մեկ:
Համավարակը, պատերազմն ու հետպատերազմյան իրավիճակը թույլ չտվեցին անդրադառնալ ցուցադրությանը, ցուցանմուշները հնացան, իսկ օրերս արվեստագետները թարմացված, իրենց վերջին գործերով ներկայացան:
«Նույնիսկ չկա համադրողի միջամտություն, արվեստագետներն ազատ են: Լավ առիթ է տեսնելու Սփյուռքի արտիստների գործերը, իրենց համար էլ սա հնարավորություն է ցուցադրվելու մայր հայրենիքում»,- ասում է կենտրոնի տնօրեն Սիլվա Չոբանյանը:
Տեսակապով զրուցեցինք արտերկրում բնակվող ՆՓԱԿ-ի հիմնադիրներ Էդուարդ եւ Սոնյա Պալասանյանների հետ: Ցուցահանդեսի նախաձեռնող Սոնյա Պալասանյանի կարծիքով՝ հայ ժամանակակից արվեստագետներն առհասարակ քիչ ուշադրության են արժանանում, ցուցադրությունն այդ բացը լրացնելու համար է:
Ըստ նրա՝ հայ ժամանակակից արվեստը արտասահմանում այնքան ճանաչելի չէ, որքան ազգային մշակույթը: «Արտասահմանում մեծ զարմանքով է ընդունվում հայ ժամանակակից արվեստը, մինչդեռ մենք ունենք ներուժ ունեցող արվեստագետներ: Նրանցից շատերը մրցունակ են միջազգային հարթակներում»,- ասում է Սոնյա Պալասանյանը, զուգահեռներ անցկացնում հարեւան Իրանում գործող արվեստագետների հետ, որոնք վերջին տարիներին ինստալյացիոն արվեստը բարձր մակարդակի են հասցրել: «Ինստալյացիաները Հայաստանից տարածվեցին, հիմա Պարսկաստանը մեծ թափով առաջ է գնում, Միջին Արեւելքը հայացքն ուղղել է դեպի իրանցի արտիստների վիդեո արտերը, Միացյալ Նահանգների շատ ցուցասրահներում ներկայացվում են իրանցի ժամանակակից նկարիչների գործերը»:
Ամերիկա, Անգլիա, Իրան, Ռուսաստան, Գերմանիա… ՆՓԱԿ-ում ցուցադրված գործերի մեծ մասը Հայաստանից է: Երբ ոտք ես դնում ցուցասրահից ներս, կենտրոնում ռուսաստանաբնակ երիտասարդ նկարիչ Բելլա Պողոսյանի աշխատանքն է աչքիդ զարնում:
Բելլան ներշնչվել է անալիտիկ հոգեբանության հիմնադիր Կառլ Յունգի կոլեկտիվ անգիտակցական տեսությունից` «Kollektives Unbewusstes»: Ըստ Յունգի՝ «Կոլեկտիվ անգիտակցականը մարդկության, մեր նախնիների կորած հետքերի հիշատակների գաղտնի շտեմարան է, որտեղ ամփոփված մտքերն ու զգացմունքները մարդկային էվոլյուցիայի հետքերն են, հետեւաբար համամարդկային են եւ փոխանցվում են ժառանգաբար:
«Կարծում եմ, քարերը, մասնավորապես տուֆը, կարող են ունենալ հավաքական հիշողություն, կապ, պատմություն: Տուֆն իր գոյության ընթացքում կարող է նաեւ որոշակի ինֆորմացիա, պատմական իրադարձություններ կուտակած լինել, քանի որ այն կլանող հատկություն ունի, ինչպես ջուր է ներծծում, այնպես էլ ունակ է կլանելու ինֆորմացիա: Քարերի վրայի պատկերներն էլ այդ մտացածին ինֆորմացիայի արտացոլանքն են»,- իր աշխատանքն այսպես է նկարագրում Բելլան:
Վորոնեժում ծնված Բելլա Պողոսյանը երկու ամիս է՝ Հայաստանում է, նկատել է, որ ստեղծագործելու ավանդական ձեւերն այստեղ առավել տարածում ունեն, մինչդեռ Ռուսաստանում, օրինակ, ողջունվում են ինստալյացիաները, «Ready-made» տեխնիկայով արված աշխատանքները:
Նարեկ Ավետիսյանն այս ցուցահանդեսը կարեւորում է մշակութային կյանք վերադառնալու տեսանկյունից, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, երբ երկրում առաջացած ճգնաժամային իրավիճակները մշակույթն ու արվեստը մղեցին հետին պլան:
Նկարիչը երկու աշխատանք է ներկայացրել, վերջերս է վրձնել, ակտիվ ստեղծագործել է ե՛ւ պատերազմի, ե՛ւ համավարակի ընթացքում, ասում է՝ ինքնապահպանման բնազդ է: «Մեր երկիրն այնպիսի խնդիրներ ունի, որ արվեստի խնդիրները երբեմն վրիպում են, բայց առանց այսօր ստեղծվող կենդանի արվեստի, մշակույթի լիակատար չի լինի մեր կյանքը»,- ասում է նկարիչն ու կարեւորում այն հարթակը, որտեղ ժամանակակից նկարիչները հանդիպում են, ցուցադրվում, երկխոսում, տեսնում, թե ժամանակակից արվեստն աշխարհում եւ տարբեր լոկալ դաշտերում ինչպես է զարգանում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։