Մենք ապրում ենք մեծ փոփոխությունների շրջանում։ Մեկ սերնդի կյանքի ընթացքում այնքան բան է փոխվում, որ նախկինում հարյուրամյակներով չէր փոխվում։ Բնական է, որ ապագան էլ լրիվ տարբեր է լինելու մեր այս օրերից։ Այն, ինչ անցյալում աշխատել եւ պտուղներ է տվել, պարտադիր չէ, որ մեր ժամանակներում եւս աշխատի։ Ըստ այդմ՝ այն, ինչ անցյալում դրական ընթացք է ապահովել, կարող է ապագայի համար հուսալի ուղեցույց չլինել։
Ժամանակների փոփոխության մասին գեղեցիկ է արտահայտվել Կարլ Գուստավ Յունգն իր «Չբացահայտված ինքնություն» գրքում։ Ըստ նրա՝ մենք ապրում ենք ժամանակներում, որ հին հույները անվանում էին καιρóς (Կաիրոս)՝ «աստվածների կերպարանափոխության» ժամանակ, երբ փոխվում են հիմնարար սկզբունքները, խորհրդանիշները, եւ այդ տրամադրություններն արտահայտվում են ամենուր՝ քաղաքականության, սոցիալական հարաբերությունների, փիլիսոփայության մեջ:
Այժմ արդեն ակնհայտ է, որ փոփոխություններն ավելի ու ավելի արագ են ընթանալու։ Մարդիկ հաճախ են հայտնվելու անծանոթ իրավիճակներում եւ կողմնորոշվելու համար որոշակի գիտելիքներ եւ ուղեցույցներ չեն ունենալու: Եվ մարդը ստիպված է լինելու հենց տեղում կողմնորոշվել, գտնել անհրաժեշտ քայլերն ու գործել։
Հետեւաբար առաջնահերթ է դառնում, որ դպրոցներում թեստեր հանձնելու փոխարեն սովորել սովորեցնեն, որպեսզի մարդը նոր, անծանոթ իրավիճակներում կարողանա որոշումներ կայացնել եւ իրականացնել։
Այս առումով հիմնական հարցերը սրանք են․
-Ինչպե՞ս հասնել նրան, որ մարդիկ սովորեն գտնել լավագույն լուծումները:
-Որո՞նք են այն հիմնական որակները, որոնք անհրաժեշտ են մարդկանց նոր իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT) նման հարցերի պատասխանները գտնելու նպատակով հարցումներ են անցկացրել այն մարդկանց շրջանում, որոնք կարողացել են որոշակի հաջողությունների հասնել գործարարության, գիտության, հասարակության զարգացման եւ ստեղծագործական այլ ոլորտներում։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ երբ մարդը հայտնվում է անցումային իրավիճակներում, լավագույն լուծումները գտնելու համար բավարար չէ «գլխի իմացությունը» (knowing of the head), դրան պետք է գումարվի սրտի եւ ձեռքերի իմացությունը (knowing of the heart and knowing of the hand)։
Մեր դպրոցներում եւ բուհերում հիմնականում շեշտը դրվում է «գլխային իմացության» վրա։ Գիտենալ ասելով՝ ցավոք, հաճախ հասկանում ենք որոշակի տեղեկություններ ունենալը, այն, ինչ հնարավոր է ստուգել թեստային համակարգով։ Բայց գլխային իմացությունը նախ եւ առաջ մտածելու ունակությունն է, հատկապես ստեղծագործ միտքը։
Մարդու մեջ զարգացնել ստեղծարար մտածողություն նշանակում է նրա մեջ ձեւավորել երեւույթները նորովի, անսովոր տեսանկյունից դիտարկելու, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Այս եւ նման հարցերին է նվիրված Վաչագան Ա. Սարգսյանի «Ստեղծարար մտածողություն» ծավալուն աշխատությունը:
Ստեղծարար մտածողության որակներից է «Բաց միտքը», երբ պատրաստ ենք ընկալելու մեր չգիտեցածը։ Որպեսզի հասնենք «Բաց միտք» վիճակի, պետք է կարողանանք մի կողմ դնել դատելու ներքին մղումը եւ արթնացնել, զարգացնել զարմանալու ունակությունը։
Ի՞նչ ենք հասկանում՝ սրտի իմացություն ասելով։
Մարդ-մարդ հարաբերություններում սա նշանակում է զգալ դիմացինին, նրա ցավն ու հոգսը, երբ սրտերը տրոփում են միասին։ Այդպես զգում է մայրը իր երեխային։ Սա էմպաթիկ կամ ապրումակցային ճանաչողությունն է։ Դրան հասնելու համար նախ պետք է կարողանանք հասնել ներքին խաղաղության, երբ հանդարտ են հույզերը, հետո մի կողմ դնենք մեր համակրանքներն ու հակակրանքները եւ բացենք մեր սիրտը՝ զգալու համար մեկմեկու, կենդանի բնությունը՝ կենդանական ու բուսական աշխարհը։ Հրաշալի է, երբ այս ամենը սովորում ենք փոքրուց: Այս ունակությունները զարգացնելու համար «Յու տեսությունը» առաջարկում է մի շարք մեդիտացիաներ ու վարժություններ։
Իսկ ի՞նչ է նշանակում ձեռքերի իմացություն։ Օտտո Շարմերը բացատրում է, որ մարդը ոչ միայն մտքով գիտի իր անելիքը, այլև շարունակում է սովորել գործելիս։ Յուրաքանչյուր արված քայլ օգնում է նորովի ընկալելու, առավել ամբողջացնելու ճանաչողության առարկան, մի խոսքով՝ սովորում են անելով։ Սա գործելու վստահություն է, երբ անորոշ իրավիճակների հանդիպելով՝ խուճապի չես մատնվում, չես փախչում դեպի ծանոթ անցյալը։ Ձեռքերի հմտություն ունեցող մարդկանց է, որ անվանում են վարպետներ։ Նրանց մասին ասում են «սամթով գործ անող»։
Գյումրիում ասում են՝ «Լավ խաղալու համար լավ աչք ու լավ «սամթ» է պետք»։ Հենց այս «սամթ» ունենալն է, որ այսօր կարեւորվում է եւ մարդուն իր գործում վարպետ է դարձնում։
Հետաքրքիր է «սամթ» բառի ծագումնաբանությունը։ Ըստ բացատրական բառարանների՝ «սամթ»-ը բարբառային է եւ նշանակում է «նպատակահարմար եղանակ, հնարք, հնարանք»: Իսկ ըստ դարձվածքաբանական բառարանների՝ «սամթ գցել» նշանակում է «հարմար առիթ, պահ գտնել»: Այսպիսով՝ ձեռքերով սովորել նշանակում է հնար գտնել, իսկ «սամթ գցելը» ճիշտ պահը որսալն է։
Կա նաեւ կարծիք, որ «սամթ» բառը գալիս է նախալատիներենի «սեմիթա — semita» բառից, որ նշանակում է «նեղ ճանապարհ», «արահետ»։ Ըստ այդմ՝ ձեռքերով իմանալը ստանում է մեկ այլ իմաստ՝ գտնել արահետը եւ գնալ դրանով։ Հնարավոր է՝ Տիեզերական Վարդապետը հենց դա է նկատի ունեցել «Աննշմար արահետ»-ը գրելիս։
Մեր այսօրվա կյանքում, երբ տարբեր քաղաքական գործիչներ միմյանց տեսակետը մերժող կարծիքներ են հայտնում եւ դրանք «կուռ փաստարկներով» հիմնավորում, չի երեւում արահետը։ Այստեղ է, որ պետք է ոչ միայն գիտենալ գլխով, այլեւ զգալ սրտով եւ սովորել ձեռքերով։ Հիմա է, որ մեզ պետք են իրենց գործի վարպետներ, երբ բավարար չէ մտքով իմանալը, քիչ է նաեւ սրտով զգալը, բարձրագոչ ճառեր ասելը, անգամ մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ ունենալը։ Մեզ պետք են «Աննշմար արահետը» տեսնողներ, «սամթով» քայլ անող վարպետներ, նեղ ճանապարհով վստահ առաջնորդողներ։
Ճանապարհին լինում են նաեւ սխալներ, եւ վարպետը ստիպված է լինում մեկ այլ կերպ հասնել իր փնտրածին, բայց նա շարունակում է իր հիմնական գործը՝ աշխարհ բերել, մարմնավորել, իրականացնել իր սրտի տեսլականը։
Իսկ ո՞րն է մեր օրերում ստեղծագործելու թիվ մեկ թշնամին։ Դա հանուն դրամի գործելն է։ Երբ դրամն է որոշում՝ ինչ անենք եւ ոնց անենք։ Անկասկած, դրամը պետք է։ Բայց այն պետք է լինի արդյունքում, ոչ թե որոշի անելիքը եւ ընթացքը։
Այսպիսով՝ նորի հետ համընթաց գնալու համար պետք է նոր արահետներ գտնել եւ նոր գինին լցնել նոր տիկերի մեջ:
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։