ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի չի ունեցել։
«Ընդգծեմ, որ հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում հանդիպումներից»,- ասել է Հունանյանը։
Հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաեւի (Ռուսաստան) եւ Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարեւորությունը։
Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը եւ ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում եւ տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։
Նախարարն անհրաժեշտ է համարել նաեւ հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների եւ այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը եւ միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը։
Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա։
ՀՀ արտգործնախարարը Ստոկհոլմում ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի, Ավստրիայի, Էստոնիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հունաստանի, Ղրղզստանի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի արտգործնախարարների, Շվեդիայի Ռիկսդագի (խորհրդարանի) նախագահի հետ: