Ըստ Nordic Monitor-ի (Հյուսիսային հետազոտությունների մշտադիտարկման ցանցի)՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ակտիվ դեր է խաղացել 2020-ին Լեռնային Ղարաբաղի պատերազմում՝ օգնելով ձեւավորելու ուժերի հավասարակշռությունը։
Օթայը դրա մասին խոսել է Մեջլիսի պլանավորման եւ բյուջետային հանձնաժողովում նախագահին առընթեր պետական մարմինների տարեկան գործունեությունը ներկայացնելիս։ Նա նշել է, որ MIT-ը երկրի հպարտությունն է, եւ հայտնել, որ կազմակերպությունը Թուրքիային մեծ ծառայություն է մատուցել արտերկրում գործունեությամբ։
«Շատ տարածաշրջաններում, օրինակ` Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում եւ Աֆղանստանում, կազմակերպությունը կարեւոր աշխատանք է կատարել, որը պաշտպանում է մեր ազգային շահերը եւ տեղում հավասարակշռություն մտցնում հօգուտ մեր երկրի՝ մեր պետական քաղաքականությանը համապատասխան»,- ասել է նա։
Օքթայը նշել է, որ Թուրքիան ոչ միայն հաջող գործողություններ է իրականացրել «ահաբեկչական կազմակերպությունների» դեմ, այլեւ հասել բազմաթիվ հաջողությունների՝ «Ղարաբաղի 30-ամյա օկուպացիայի» ավարտից մինչեւ «Լիբիայում լեգիտիմության համար պայքար»։
Nordic Monitor-ն ընդգծել է, թե ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերել իր դաշնակից Ադրբեջանին, սակայն երբեք պաշտոնական հայտարարություններ չէին եղել պատերազմի ժամանակ թուրքական հետախուզության մասնակցության մասին։ Հակառակը, համառորեն հերքվում էր MIT-ի մասնակցությունը։ Պատճառը մեղադրանքն էր, որ MIT-ը Սիրիայում իր վերահսկողության տակ գտնվող ջիհադիստ գրոհայիններին է ուղարկել Լեռնային Ղարաբաղ։
Հոդվածում նշվում է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը 2020-ի նոյեմբերի 6-ին հիշատակել է Լեռնային Ղարաբաղում թուրքական հետախուզական գործակալության մասին։ Նա պնդել է, որ Մոսկվան հաստատված տեղեկություններ է ստացել մարտի դաշտում սիրիացի վարձկանների ներգրավման մասին՝ անուղղակիորեն հղում անելով MIT-ին:
Nordic Monitor-ն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես պնդել է, որ օտարերկրյա զինյալները Սիրիայից եւ Լիբիայից Ղարաբաղ են բերվել թուրքական հետախուզության միջոցով, եւ որ նրանք ռազմական հանցագործություններ են կատարել Արցախի ժողովրդի դեմ։
Հոդվածում նշվել է, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները շարունակում են հետաքննել, թե MIT-ի որ գործակալներն են ներգրավված եղել անցյալ տարվա հակամարտության մեջ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարան բողոք ներկայացնելու համար:
Հոդվածում նշվում է նաեւ, որ Թուրքիայի 2022-ի բյուջեով MIT-ին 3,5 միլիարդ լիրա է հատկացվել։