Ինքնին արտառոց է, երբ Ռուսաստանի արտգործնախարարությունը պատասխանում է Հայաստանի խորհրդարանի նախագահի, այն է՝ պետության երկրորդ դեմքի վիճահարույց հայտարարությանը: Նույնքան արտառոց կլիներ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի մեկ այլ համանախագահ պետության՝ ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի պետքարտուղարությունը կամ արտգործնախարարությունը պատասխաներ Հայաստանի խորհրդարանի նախագահին:
Ալեն Սիմոնյանը առաջինը չէ, որ հայտնվում է Ռուսաստանի արտգործնախարարության ուշադրության կենտրոնում: Մինչ այդ նման «ուշադրության» արժանացել էր Հայաստանի վարչապետը մոտ մեկ տարի առաջ՝ 2021-ի հունվարի առաջին օրերին: Երկու դեպքում էլ պաշտոնական Մոսկվայի մտահոգության պատճառը, այսպես կոչված, ռուսական կամ «Լավրովի պլանն» է, ավելի ճիշտ՝ այն, թե ինչպես է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից համաձայնեցված, բայց խորքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական փաթեթը մեկնաբանվում, ընկալվում եւ մանիպուլացվում Հայաստանում այսօր՝ 44-օրյա աղետից ավելի քան մեկ տարի անց: Եթե կուզեք, ձեւակերպումը տանք այսպես՝ ո՞ւմ խղճին է «Լավրովի պլանը»:
2021 թվականի հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ծավալուն հոդված՝ «44-օրյա պատերազմի ծագումը» խորագրով, որին ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրեց պատասխան:
Փաշինյանը հոդվածում մասնավորապես գրել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ռուսական առաջարկները չեն շոշափել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հանգել են միայն Ադրբեջանին յոթ շրջանների վերադարձի թեմային:
«2013-ին ծնվում եւ 2015-ին վերջնականորեն ձեւակերպվում են հիմա արդեն հանրահայտ ռուսական առաջարկները, որոնք նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձեւով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որեւէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը»,- գրել էր Փաշինյանը:
Ռուս համանախագահի՝ Փաշինյանին ուղղված պատասխանում ասվում էր. «Ռուսական առաջարկների ներքո, հավանաբար, նկատի է առնվել փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրությունը կողմերին է փոխանցվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է Կազանի փաստաթղթի հետ, ընկած են Ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձը, իսկ երկրորդում ՝ երկուսի վերադարձը, ընդ որում, ընդգծեմ հատուկ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու հետ կապելով»։
Պոպովը նշել էր, որ «Երեւանի շահերն արտացոլող առաջին փուլի մյուս տարրերի թվում էին Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովեր նրա բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, ուժի չկիրառման մասին կողմերի պարտավորությունների ընդունումը եւ այլն: Ուստի պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել յոթ շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին եւ հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը»։
Ռուս համանախագահը նաեւ ուղիղ մեջբերում էր արել վերջին տարիներին բանակցությունների սեղանին դրվող տարբեր փաստաթղթերի աշխատանքային՝ draft տարբերակներից, որոնցում շոշափվում էին Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը հանրաքվեի կամ ժողովրդական քվեարկության ճանապարհով լուծելու տարբերակները: «Ընդ որում, քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվելու, իսկ քվեարկության ցանկացած արդյունք հարգվելու է Կողմերի կողմից»։
Ի դեպ, Լաչինի միջանցքի լայնությունը եւ կարգավիճակը նույնպես առաջարկվում էր դիտարկել միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քելբաջարի եւ Լաչինի շրջանների վերադարձն Ադրբեջանին: Ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չի հաջողվել, բայց գլխավորը բանակցություններն էին կանոնավոր կերպով։ Ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանն առաջ քաշեց նոր մոտեցումներ»:
44-օրյա աղետի մեղքի ու պատասխանատվության իրենց բաժինն այլոց վրա դնելու մոլուցքը աղետի մեղավորներին ու պատասխանատուներին մղում է մեղավորներ փնտրելու ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Եթե Նիկոլ Փաշինյանը դա փորձել էր անել նրբանկատորեն՝ ակնարկելով «Լավրովի պլանը», ապա Ալեն Սիմոնյանը հայ ժողովրդի «լեզվով», բայց Փաշինյանից ավելի անփույթ կերպով ուղղակի մեղադրել է ռուսներին:
Նոյեմբերի 12-ին Երեւանում պարոն Սիմոնյանը հանդիպել էր ռուս մի քանի լրագրողների հետ: Նոյեմբերի 24-ին համացանցում հայտնվեց ձայնագրություն, որտեղ ռուս լրագրողը Հայաստանի իշխանություններին մեղադրում է Ղարաբաղը հանձնելու մեջ՝ նշելով, թե դա հատուկ է արվել, որպեսզի Հայաստանը փոխի իր աշխարհաքաղաքական վեկտորը: Ի պատասխան, ԱԺ նախագահն ասում է. «Դուք կարծում եք, որ հանձնել ենք Ղարաբաղը։ Հայաստանի հասարակությունն էլ նույն մոտեցումն ու կարծիքն ունի, թե Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը: Եթե ինչ-որ մեկը ուզում էր հանձնել Ղարաբաղը, դա անելու մի քանի տարբերակ կար, ներառյալ «Լավրովի պլանը»:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանի խորհրդարանի նախագահին, բայց նաեւ հայ ժողովրդին արձագանքում է երկու շաբաթ անց, ինչը նշանակում է, որ տեքստի վրա երկար եւ լուրջ աշխատանք է կատարվել: Ոչ պակաս ուշագրավ է նաեւ այն իրողությունը, որ Ռուսաստանի արտգործնախարարությունը այս հայտարարությունը չի դրել պաշտոնական կայքում, այլ տարածել է ռուսական լրատվամիջոցներով:
Այս հայտարարության, ինչպես մեկ տարի առաջ ռուս համանախագահ Պոպովի պարզաբանման մեջ, ըստ էության, ամբողջովին գաղտնազերծվում է կողմերին առաջարկված հակամարտության կարգավորման վերջին նախագիծը՝ թվագրված 2019-ի հունիսով:
Ըստ էության, Մոսկվան 44-օրյա պատերազմի եւ պարտության մեղքը դնում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի վրա: ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Մինչեւ 2020 թվականի աշունը բանակցությունների սեղանին դրված առաջարկները նախատեսում էին բառացիորեն հետեւյալը. համաձայնեցված ժամկետներում Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո: Ընդ որում՝ ռուսական կողմի պնդմամբ՝ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձեւակերպումները ոչնչով չեն սահմանափակվի»:
Առավել ուշագրավ է ՌԴ ԱԳՆ հայտարարության վերջին մեխը. «Խաղաղ կարգավորման բազմաթիվ հնարավորություններ են բաց թողնվել, ընդ որում՝ ոչ Ռուսաստանի մեղքով… Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկությունները ներկա իրավիճակի հետ ու հետեւություններ արեք»:
Ի դեպ, 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 16-ին, Ալեն Սիմոնյանը «Ազատության» եթերում ասել էր. «Բոլորս ուզում ենք, որ սա [պատերազմը] դադարի, բայց մենք ունենք երկու ընտրություն` «Լավրովի պլանն է», որը Ալիեւը հնչեցնում էր, որ վերադարձվում է, «ազատագրվում է» 5 շրջանը, հետո՝ երկուսը, իսկ Արցախի կարգավիճակը մնում է հետագա քննարկումների վրա: Սա ինձ համար անընդունելի է, որովհետեւ դրան հաջորդելու է Մեղրին, դրան հաջորդելու է Երեւանը, եւ այլեւս հայ ազգ՝ որպես այդպիսին, գոյություն չի ունենալու»:
Եվ վերջում՝ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ արտգործնախարարությունը հետեւողականորեն խուսափում են ընդունելուց, որ 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրել է կարգավորման առաջարկներ: Մտածել է պետք, թե ինչու:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։