Արցախի ԱԱԾ պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը հայտնել է, որ մի քանի ժամից «Էրեբունի» օդանավակայանում վայրէջք է կատարելու Ադրբեջանից հայ գերիներին տեղափոխող հերթական ինքնաթիռը։
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում նոյեմբերի 16-ին Սյունիքի սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված հայ զինծառայողներից 10-ը։
Ավագյանը հայտնել է, որ գերիների վերադարձը հերթական անգամ կազմակերպել է ռուս գեներալ Ռուստամ Մուրադովը։
«Նա այս անգամ Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչեւ վերջին պահը գաղտնի են պահվել»,- ընդգծել է նախկին պաշտոնյան։
Մուրադովը խաղաղապահների հրամանատարն էր մինչեւ 2021-ի սեպտեմբերի սկիզբը, այնուհետեւ նա մեկնել է ՌԴ եւ շարունակում է ծառայությունը ՌԴ հարավային օկրուգի ռազմական հրամանատարի տեղակալի պաշտոնում, բայց ակտիվ մասնակցում է Արցախի եւ գերիների հարցով ռուս-ադրբեջանական բանակցություններին։