ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարել է, որ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են դիտարկման ներքո պահել քաղաքացիական բնակիչներին, տները:
Թաթոյանն ընդգծել է, որ ադրբեջանական ԶՈՒ-ն միտումնավոր զրկանքներ է պատճառում մարդկանց: «Պետք է ճիշտ ախտորոշել խնդիր առաջացնող պատճառը, որպեսզի արդյունավետ պայքարենք խնդիրների դեմ: Ադրբեջանական զինված ծառայողները հանցավոր պահվածքով ամեն օր ոտնահարվում են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող պարզ, սովորական մարդկանց իրավունքները։
Ուստի նրանք պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է լինի ապառազմականացված անվտանգության գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք ինչ կամ ում տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ դելիմատացիայի ու դեմարկացիայի արդյունքում»,- ընդգծել է նա:
ՀՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ պետք է հրատապ վերականգնել մարդկանց բնականոն, նորմալ կյանքը առանց այդ կյանքը խաթարող տեխնիկայի ու զինված ծառայողների, որ թույլ չտրվի ադրբեջանական՝ հիմքեր չունեցող արարքների պատճառով մարդիկ զրկանքներ կրեն: Ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:
Առավել եւս սա ամբողջությամբ բխում է միջազգային՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ կառույցների պահանջներից:
«Հարկ եմ համարում հատուկ նշել, որ ինքներս ենք տեսել, թե ինչպես են համայնքային, մարզպետարանի մարմինները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, ոստիկանության ծառայողները կամ պարզապես հարակից համայնքների բնակիչներ ջանք ու եռանդ ներդնում՝ ճանապարհներն անցանելի դարձնելու, մարդկանց օգնելու համար»,- ընդգծել է ՄԻՊ-ը՝ նշելով, որ խոսքը բոլորովին այլ բանի մասին է։
Արման Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմը արձանագրված ամեն անհատական գործով կաշխատի պետական մարմինների հետ, նաեւ միջազգային կառույցներին ուղղված հատուկ զեկույցներով կշարունակի հիմնավորել ապառազմականացված գոտու անհրաժեշտությունը: