Ադրբեջանը կեղծ պատմագիտական ուսումնասիրությունների վրա հիմնված պաշտոնական քաղաքականությամբ իրեն Կովկասյան Աղվանքի ժառանգորդն է համարում, իսկ իր տարածքի քրիստոնեական ողջ ժառանգությունը վերագրում «աղվանական եկեղեցուն»։ Նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանին անցած տարածքներում արդեն որոշակի քայլեր են իրականացվում այդ քաղաքականությունը գործով ամրագրելու եւ հայկական քրիստոնեական ժառանգությունը սեփականաշնորհելու համար։ Այսպես, հայ առաքելական եկեղեցու առաքյալ սուրբ Թադեւոսի աշակերտի կողմից հիմնադրված Դադի վանքը ներկայացվում է որպես աղվանական եկեղեցի, որտեղ քարոզիչ է նշանակվել ուդի Ռաֆիկ Դանաքարին։
Ուդի հավատացյալների առաջին խմբերն արդեն այցելել եւ աղոթք են ասել Դադի վանքում։ Ոքե՞ր են նրանք, ի՞նչ առնչություն ունեն հայերի ու Դադի վանքի հետ, «Ալիք մեդիայի խնդրանքով մեկնաբանել է ազգագրագետ, պատմաբան Հրանուշ Խառատյանը։
Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը տարիներ շարունակ Կովկասյան Աղվանքը Ադրբեջանի հետ նույնականացնելու ջանքեր է գործադրել: Նրանց այդ «իրավունքը» վիճարկում են Ադրբեջանի հյուսիսի եւ Դաղստանի հարավի լեզգիական լեզվախմբի ժողովուրդները՝ լեզգիները, ցախուրները, ռուտուլներըը, հափութները, կըրըզզները, խինալուղները, աղուլները եւ այլն: Սակայն Ադրբեջանի պատմագրությունը կամ այն, ինչ ներկայացվում է որպես պատմագրություն, պատմական Աղվանքի տիրոջ իրավունքը չի ուզում նրանց հետ կիսել: Ադրբեջանը որպես աղվանների հետնորդ եւ սերունդ «նշանակել» է միայն ուդիներին, մի ժողովրդի, որոնց տեւականորեն եւ հետեւողական իսլամացրել են 18-19 եւ նույնիսկ 20-րդ դարերում, կոտորել են 1918-20 թվականներին, հալածել եւ բռնությունների են ենթարկել 1988-90 թթ., եւ որոնց թիվն Ադրբեջանում ներկայումս հասել է ընդամենը մոտ 3000 մարդու: Կարելի է ասել՝ 3000 պատանդի, որովհետեւ իրենց սոսկ գոյության հնարավորությունը պաշտպանելու համար ներկայիս ուդիները պարզապես պարտավոր են Հայաստանի եւ հայերի դեմ քաղաքական խաղալիք դառնալ Ադրբեջանի իշխանությունների ձեռքին: Պարտավոր են, որովհետեւ նրանք 1700 տարի է՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են, մինչեւ 1988-1990 թիվն ունեին հայկական անձնանուններ եւ ազգանուններ, մինչեւ 20-րդ դարի 30-ական թվականները սովորում էին հայկական դպրոցներում, 20-րդ դարի ընթացքում կրթություն ստանալու համար գալիս էին Խորհրդային Հայաստան եւ առհասարակ նրանց պատմական հիշողությունը կապված է հայկական մշակութային ընդհանրության հետ: Ուդիներին մի կողմից չի ներվում նրանց «հայկական անցյալը», մյուս կողմից այդ անցյալը Ադրբեջանի համար հիանալի հնարավորություն եւ առիթ է «ուդիացնել-աղվանացնել-ադրբեջանացնել» բուն հայկական մշակույթը:
Իրականում ուդիական աղվանական մշակութային անցյալը եւ ներկան հստակ աշխարհագրական տարածք ունի՝ Ադրբեջանի Շաքի – Կապաղակ գոտին: Դա հենց այն տարածքն է, որտեղ ընթացք է ստացել եւ ձեւավորվել ուդի / ուտիների քրիստոնեական մշակույթը, որտեղ ըստ ուդի / ուտիական 7-րդ դարի ավանդույթի քրիստոնեություն է տարածել Աղվանքի առաքյալը համարվող Եղիշեն (Մ.Կաղանկատուցի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, քննական բնագիրը Հ.Առաքելյանի, Երեւան, 1983, էջ 10 – 11), եւ որտեղ մինչեւ 20-րդ դարի սկիզբը կային եւ մասամբ կան Եղիշե Առաքյալի անունը կրող տասնյակ եկեղեցիներ, վանքեր եւ նրա քարոզչության ու նահատակության հետ կապվող ժողովրդական այլ սրբազան տարածքներ (Նուխու/Շաքիի Գիս գյուղում է գտնվում հնագույնը համարվող Եղիշեի վանքը, Վարդաշենում է գտնվում Եղիշեի անունը կրող մեծ վանքը (Քալա Գերգեց), Վարդաշենի մեծ գերեզմանատանը գտնվող փոքր եկեղեցին (Կիցկե Գերգեց), որը ըստ ավանդության Եղիշեի փոքր եղբոր հիշատակին է կառուցված: Վարդաշենից ընդամենը 3 կմ հեռու գտնվող հայկական Ճալեթ գյուղի Ս.Աստվածածնի վանքի մոտ գտնվող կիսաքանդ եկեղեցին ըստ ավանդության կառուցվել է Եղիշե առաքյալի ձեռքով, կամ, ինչպես Սարգիս Ջալայանն է գրում, «Աստվածանի աթոռի Ճալեթի վանքի Շաքիի, Ղաբալայի, Արաշբասանի, Աղդալու ժողովուրդը … շինեցին այդ աթոռը Եղիշե առաքյալի սուրբ հրամանով»: Շատ հռչակավոր էր Նիժում գտնվող «Սուրբ Եղիշե» վանքը, որը, ըստ ավանդության, կառուցվել է Եղիշե առաքյալի աշակերտներից մեկի թաղման վայրում): Ծագումով ուտիացի Ղազար քահանա Հովսեփյանը գրում է.«Ուտիացոց երկրի զանազան մասերում թեեւ կան մի քանի վանքեր ու սրբավայրեր, բայց ամենից շատ հարգվածներն ու սիրվածները սրանք են (այսինքն՝ Եղիշե առաքյալի անվան հետ կապ ունեցողնեչրը – Հ.Խ.), որոնց ուխտագնացության օրերը լինում են Զատիկից հետո, Հինանց օրերում, երբ Ուտիացոց երկրի ամեն ծայրերից խուռն բազմությամբ ուխտ են գնում թե թե իսկական հայ քրիստոնյաները, եւ թե հայից թրքացած մահմեդականները¦ (հայից թրքացած ասելով հեղինակը նկատի ունի հայ առաքելական եկեղեցու հետեւորդից իսլամացած ուդիներին): Իր աշխատանքի մեկ այլ հատվածում նա գրում է. «մահմեդականացած Գիս (Քիշ) գյուղի մոտի Ս.Եղիշեի առաքելո վանքին թե Գիս գյուղի եւ թե շրջակայքում թրքացած հայերը շատ երկյուղածությամբ եւ խորին հարգանքով են վերաբերվում… Տոնի օրը նրանք էլ քրիստոնյա հայերի (քրիստոնյա հայեր ասելով հեղինակը նկատի ունի լուսավորչական/հայադավան ուդիներին) պես ուխտ են գնում, մատաղ են անում եւ պատկառանքով ներս մտնելով՝ մոմ են վառում եւ ջերմ սրտանց աղոթում են իրենց մտքում: Մինչեւ անգամ շատ տեղերում մահմեդականացած հայերը երդվում են Ս.Եղիշեի անունով»(Հովսեփյան Ղ. Ակնարկներ ուտիացի եւ մահմեդական հայերի մասին, Թիֆլիս, 1904, էջ 43, 72):
Եղիշե առաքյալի կարեւորությունն ուդի/ուտիների կյանքում այնքան մեծ էր, որ նույնիսկ նրանց ինքնության վկայությունն էր կամ առնվազն նրանց էթնիկության պահպանման գրավականը: 1724թ. Ռուսաստանի կայսր Պետրոս Մեծին ուղարկված մի խնդրագորւմ ուդիները, բողոքելով մահմեդականների անօրինությունների դեմ, իրենց ինքնությունը Պետրոս Մեծին ներկայացնում են հետեւյալ կերպ. «Մենք աղուանք ենք եւ ազգով ուտիք: Եղիշէի առաքելոյն քարոզութեամբ մեր նախնիք Աստուծո հաւատացեալք են. սուրբ առաքելոյն նահատակութեան տեղիքն առ մեզ է: Քո հրամանոցդ հայտնի է, որ յառաջմէ մեր ազգին իշխանութիւն ոչ կայր, որ առաքելոցն նահատակութեան տեղն վանք շինէին, միայն թէ մեր նախնիքն մին փոքր եկեղեցի շինեալ էին, մենք նովաւ կեանք էինք անցուցանում: Այժմս անօրենք այրեցին, եւ մեզ զորով ուրացուցին»:
Ուդիների ողջ քրիստոնեական ընկալումները պտտվում են Եղիշե առաքյալի անվան շուրջ: Սա պատահականություն չէ: 7-րդ դարում առաջացած Եղիշե առաքյալի պատմությունը Աղվանքում «ծնվել էր» սեփական առաքյալն ունենալու համար եւ Հայաստանի առաքյալներից զատ կամ նույնիսկ նրանց հակառակ սեփական առաքյալն ունենալու նպատակով: Այլ կերպ ասած Աղվանքի առաքյալ Եղիշեի մասին պատմությունը Աղվանքի հետ հենց Թադեւոս առաքյալի հակադրությունն է: 7-րդ դարում Եղիշե Առաքյալին ընտրելով՝ աղվաններն «ասում էին»՝ այո, սիրելի հայեր, մենք էլ ենք հայոց դավանանքի պատկանող, բայց մենք առանձին առաքելական ենք, կապ չունենք Հայաստանի առաքյալներ Թադեւոսի եւ Բարդուղիմեոսի հետ: Մեր առաքյալը Քրիստոսի եղբայր Հակոբի կողմից ձեռնադրված Եղիշեն է: Սա էր աղվանական այն առասպելը, որը աղվաններին, հետագայում՝ աղվաններից քրիստոնյա մնացած ուդիներին տալիս էր իրենց քրիստոնեական ինքնության առանձնահատկությունը:
Ուդիներն ու Դադի վանքը
Ինչպես հայտնի է՝ հայերի առաքյալներից մեկը Թադեւոսն էր, որի աշակերտին է վերագրվում Դադի վանքի հիմնադրումը: Ուրեմն մերժելով Թադեւոսի առաքելությունը՝ մերժվում է Թադեւոսի անվան հետ կապվող Դադի վանքի աղվանական որեւէ կապ: Չխոսելով արդեն պատմական դեպքերի մասին:
Եղիշե Առաքյալի անվան վրա խարսխված քրիստոնեական առանձնահատկությունը չէր խանգարում ուդիական երկակի՝ հայկական կրոնական եւ ուդիական էթնիկական ընկալմանը: Նրանք սովորաբար իրենք իրենց անվանում էին եւ շարունակում են անվանել հայ-ուդի: Հենց այդպես էլ վավերացրել են իրենց ոչ միայն գրավոր տեքստերում, այլ նաեւ տապանաքարերի վրա:
Բայց ահա 21-րդ դարում՝ 2008թ. ապրիլին, Ադրբեջանը ուդիական Նիժ գյուղացի ուդի Ռաֆիկ Դարաքարիին ուղարկում է Երուսաղեմ ուխտանգանցության եւ Հորդանան գետում մկրտվելու, որով նա դառնում է մահտեսի (մուղդուսի), վերադառնում է եւ «մահտեսու իրավունքով», ինչպես հայտարարել է Ադրբեջանի ուդիական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին, «սերտիֆիկատ է ստացել Երուսաղեմի Կենտրոնական քրիստոնեական եկեղեցիների կողմից» (՞՞՞) որպես ձեռնադրված հոգեվորական ծառայություններ մատուցելու Նիժ գյուղի աղվանական եկեղեցում: Հայտարարության մեջ ասվում է, որ «այսուհետ Աղվանական եկեղեցին կախված չի լինելու այլ քրիստոնեական դավանանքների եկեղեցիներից»:
Ադրբեջանում մնացած ուդիներն այսօր չեն կարող «խոստովանել», որ իրենք Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են: Նրանք պիտի ասեն, որ իրենք «Ադրբեջանի Աղվանական եկեղեցու» հետեւորդ են: Սա է Ադրբեջանի տարածքում ընդգրկված իրենց հայրենիքում մնալու նրանց միակ հնարավորությունը:
Ուրեմն, «ի՞նչ կապ ունեն ուդիները Արցախի Դադի վանքի հետ» հարցի պատասխանը միանշանակ է՝ այն կապը, որ նրանք Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են: Բայց Դադի վանք բերված ուդիներին ներկայացնում են որպես չեղած «Աղվանական եկեղեցու» հետեւորդներ: Այլ կերպ ասած՝ խզում են կապը Հայ Առաքելական Եկեղեցու եւ ուրեմն նաեւ Դադի վանքի հետ: Արդյունքում, Հայ Առաքելական Եկեղեցին կարող է պահանջել, որ «Աղվանական եկեղեցու հետեւորդները» Հայ Առաքելական Եկեղեցում կրոնական ծես չիրականացնեն: