Ուղիղ 33 տարի հետ է տալիս կյանքի թերթված էջերը՝ կանգ առնելով ամենասոսկալիի վրա՝ 1988 թվական, դեկտեմբերի 7․․․
‹‹Գյումրի›› բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, ռեանիմատոլոգ Արմեն Խաչատրյանն է բացել հիշողությունների դառն էջը։
14 տարեկան էր։ Սովորական առավոտ էր, Գյումրու երկրորդ դպրոցում էր․․․ Փլվեց դպրոցը, ժամեր շարունակ փլատակների տակ ականատես եղավ դասընկերներից ոմանց վախճանին, ոմանց աղեկտուր հառաչանքներին․․․
Ահագնացող հուզմունքը թույլ չտվեց շարունակել զրույցը։ Ընդհատեցինք, որոշեցինք՝ պետք չէ շարունակել։
Կարճ ժամանակ անց շարունակում է պատմել, համոզել, որ անգամ անելանելի թվացող իրավիճակում հուսալքվել պետք չէ, ոչ ոք չգիտի, թե Աստված ինչ է նախատեսել յուրաքանչյուրիս համար։ ‹‹Ես փլատակների տակ ոչ մի վայրկյան գիտակցությունս չէի կորցրել, բայց հանձնվել էի. վստահ էի՝ այնտեղ էլ մահանալու եմ։ Անդադար աղոթում էի, որ շուտ գար այդ պահը, բայց Աստված այլ ծրագիր ուներ ինձ հետ կապված։ Ծնողներս ու հարազատներս գտան ինձ››,- պատմում է Արմենը։
Սկզբում տեղափոխվել է Գյումրու զինվորական հիվանդանոց։ Վնասվածքներն անթիվ, անհամար էին։ Արթիկում, այնուհետեւ մայրաքաղաքում բուժվելու ապարդյուն փորձերից հետո Արմենը տեղափոխվում է Մոսկվայի մանկական կլինիկա, որտեղ մեկ տարուց ավելի բուժվում է բազմաթիվ բախտակից հայ երեխաների հետ։ ‹‹Մոսկվայում ես երկրորդ կյանք ստացա, սովորեցի նորից քայլել, ապրել։ Այսօրվա պես հիշում եմ այնտեղ անցկացրած ամեն մանրամասնություն››,- մոսկովյան օրերի վերհուշն ապրելիս Արմենի աչքերում ժպիտ է հայտնվում։
‹‹Իմ հայ երեխաները» գրքի հեղինակ, գերմանա-ամերիկացի գրող, լրագրող, բարերար Լոիզ Ֆիշեր-Ռուգեն, Մոսկվայում բուժվող հայ երեխաները նրան մորաքույր Լոիզ էին ասում, իր գրքում խիստ տպավորված է պատմում իր ամենաավագ հայ երեխայի՝ Արմենի մասին։
Տիկին Լոիզը հիշում է՝ Արմենին առաջին անգամ ինտենսիվ բուժման կայանում է տեսել. ‹‹Հենց լսեց, որ ամերիկուհի եմ, իսկույն սկսեց անգլերեն խոսել: Ռուսերեն էլ էր խոսում, շատ ուժեղ էր ֆիզիկա, պատմություն, քիմիա առարկաներից։ Նա կիրթ էր եւ պատրաստ նոր բաներ սովորելու։ Նրան հեշտ էր հաջողվում բոլորին իրեն սիրել տալ։ Բժիշկ Սերգեյ Նիկոլաեւիչը հաճախ բժշկական զրույցներ էր վարում նրա հետ։ Արմենը սեփական վնասվածքների ու դրանց տեսակի, բուժման մասին շոշափելի պատկերացում ուներ››։
Լոիզ Ֆիշերը նկատել էր, որ Արմենը երեխաների մեջ ակնհայտ հեղինակություն ուներ։ Երբ նրանք միջոցառումներ էին կազմակերպում, ինքն էր թելադրողը։
Հայ երեխաների մորաքույրը ծիծաղելով է հիշում՝ միջոցառումներից մեկի ժամանակ մի աղջնակի, ով լավ չէր երգել՝ ‹‹զռռում էր››, Արմենը կտրականապես արգելել էր մասնակցել միջոցառմանը։ Դե, նրա որոշումներն էլ բեկման ենթակա չէին։
Մոսկովյան օրերի մասին հիշելիս Արմենը երբեք չի մոռանում մի դիպվածի մասին․ պատմում է, որ ահավոր ծարավ էր, բայց նրան արգելված էր ջուր խմել, երիկամները նույնպես վնասված էին։ Իր հետ բուժվող, երկրաշարժի հետեւանքով վնասվածքներ ստացած երեխաներից մեկը՝ Ազնիվը, բժշկից թաքուն, մեծ դժվարությամբ մեկ բաժակ ջուրը հրում է նրա կողմը։ Արմենը միանգամից դատարկում է բաժակը։ ‹‹Սիրով տրված ջուրը չէր կարող վնասել ինձ, դրանից մնացին միայն ժպիտ առաջացնող հուշն ու երախտիքի զգացումը››,- ասում է Արմենը։
Ազնիվ Նասլյանն էլ հիշում է, որ Արմենը հիվանդանոցում ամեն առավոտ հագնում էր բժշկի խալաթն ու ‹‹բուժում›› երեխաներին։ Ասում է՝ երազում էր բժիշկ դառնալ։ Տարիներ հետո, երբ պատահաբար հանդիպել են, ու Ազնիվն իմացել է, որ Արմենն արդեն հասել է իր երազանքին, կրկին համոզվել է, որ նպատակասլաց մարդը երբեք իր երազանքներն անավարտ չի թողնի։
Երկարուձիգ տարվա բուժումներից հետո առողջությունը լիարժեք վերագտնելու հույսը Արմենին Կանադա է տանում, որից հետո՝ վերադարձ հայրենիք։
‹‹Ես նախքան երկրաշարժն էի որոշել բժիշկ դառնալ, բայց այս դիպվածն օգնեց ավելի ամրապնդելու որոշումս››,- պատմում է արդեն քառորդ դար սպիտակ խալաթ հագնող բժիշկը։
Առաջին անգամ հիվանդանոցում հերթապահություն իրականացնելիս հիշում է, որ աննկարագրելի ապրումներ է ունեցել։
‹‹Աստված էի կանչում, որ նոր հիվանդ չգա, չգիտեի՝ ինչպես կդրսեւորեի ինձ։ Երբ ասում էին՝ ընդունարանում հիվանդ կա, ծնկներս դողում էին››,- հիշում է բժիշկն ու վստահեցնում, որ նոր կյանք ունենալու դեպքում էլ նորից բժիշկ կդառնար, բայց ոչ ռեանիմատոլոգ։
‹‹Այն ժամանակ մտածում էի, որ վերակենդանացումը բժշկության գագաթնակետն է, բայց դա քո կյանքից է տանում։ Աշխատում եմ հիմնականում անգիտակից մարդկանց հետ, իսկ վերջին շրջանում քովիդը ստիպեց մեզ ամեն վայրկյան աչքի առաջ ունենալ հիվանդի կյանք աղերսող աչքերը››։
Բժիշկ Խաչատրյանի աշխատասենյակի ամենաերեւացող պատին բուժված հիվանդից ստացած նկարն ու նամակն են կախված։ Նվերի հեղինակները պատմում են, որ քովիդով անհույս հիվանդ իրենց մայրը բուժվել է բժշկի ջերմ վերաբերմունքից։ Երբ Խաչատրյանը, փաթաթվելով հիվանդին, խնդրել է, որ սնվի, այլապես իր սենյակ չի մտնի, հիվանդի վիճակը կտրուկ լավացել է։
Արմեն Խաչատրյանը կոչ է անում ցանկացած իրավիճակում չհուսահատվելու. ‹‹Մարդիկ, ովքեր ունեն կորուստներ, որոնք ստիպում են հուսահատվել, թող հիշեն, որ Աստված մեծ է, մի դուռ կբացի։ Ապրենք այսօրվա օրով, օգնենք ու կարեկցենք միմյանց››։
Ապագայի մասին խոսելիս բժիշկը կրկին տխրում է. ‹‹Եթե վաղվա օրվա մասին հարցնեիք մի երկու տարի առաջ, կասեի՝ փայլուն ապագայի եմ սպասում․․․ Հաղթանակած երկրում էինք ապրում, այսքան կիսատ կյանքեր չունեինք, կորցրած հայրենիք չունեինք․․․ Հուսանք, որ լավ է լինելու, Աստված զորեղ է. եթե ինձ այդ վիճակից հանեց ու նոր կյանք տվեց, նույնն էլ կլինի մեր ժողովրդի հետ››։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։