Ըստ ամերիկյան CNN հեռուստաալիքի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այս շաբաթ, հավանաբար, կհայտարարի Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին: Բոյկոտի դեպքում ամերիկացի պաշտոնատար անձինք օլիմպիական խաղերի ժամանակ ներկա չեն լինի:
Հնարավոր բոյկոտի պատճառը ՉԺՀ-ին վերագրվող զանգվածային ռեպրեսիաներն են Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում: Պեկինն այդ պնդումները կտրականապես հերքում է:
Այս տարվա մայիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին միջազգային հանրությանը հորդորել էր դիվանագիտական բոյկոտ հայտարարել Չինաստանում 2022-ի փետրվարի 4-20-ը տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին: Փելոսիի կարծիքով՝ աշխարհի առաջատար երկրների ղեկավարները պետք է ձեռնպահ մնան մրցումներին մասնակցելուց:
Որոշումը թույլ կտա Չինաստանին հղել հստակ նախազգուշացում, ընդ որում՝ ամերիկացի մարզիկները չեն զրկվի մրցումներին մասնակցելու հնարավորությունից: ԱՄՆ Ազգային օլիմպիական կոմիտեն արդեն իսկ հանդես է եկել բոյկոտի դեմ: