Ըստ ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալության՝ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ Ուկրաինան փորձում է «արտաքին կառավարման տակ մտնել», որպեսզի «մեծ կուրատորները» կիսեն պարտավորությունների չկատարման համար նրա պատասխանատվությունը։
Գրուշկոն նշել է, որ առաջ քաշվող մեղադրանքները, թե Ռուսաստանը չի կատարում Մինսկի պայմանավորվածություններից բխող որեւէ պարտավորություն, անհեթեթ են, քանի որ նման պարտավորություններ գոյություն չունեն։ Ըստ նրա՝ Կիեւը փորձում է Մինսկի համաձայնագրերից հրաժարվելու փաստն օգտագործել, որպեսզի ԵՄ-ն պահպանի հակառուսական պատժամիջոցները։
Միեւնույն ժամանակ նա կարծում է, որ վաղ թե ուշ արեւմտյան քաղաքական գործիչները պետք է ստիպեն Ուկրաինային կատարել տրված խոստումները։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիեւը մտադիր է Մինսկի պայմանավորվածություններին հետեւել ըստ իր ցանկության. այդ պատճառով նրան պետք է «ստիպել» կատարել դրանք։ Ըստ Լավրովի՝ հենց այդ նպատակով է ստեղծվել «նորմանդական ձեւաչափը», սակայն Բեռլինն ու Փարիզը դեռ անտեսում են իրենց պարտավորությունները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնել էր, որ Կիեւը Դոնբաս է ուղարկել սեփական զինված ուժերի անձնակազմի կեսին՝ 125 հազար զինվորի եւ սպայի։
Ուկրաինայի հարցը կդառնա Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների` դեկտեմբերի 7-ին նախատեսված բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը: