Ամերիկացի օսկարակիր դերասան եւ պրոդյուսեր Ջորջ Քլունին բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ մի անգամ հրաժարվել է ինչ-որ ավիաընկերության գովազդում 35 միլիոն դոլարի դիմաց նկարահանվելուց։ Ըստ դերասանի՝ ավիաընկերությունն առնչվում է դաշնակից մի երկրի հետ, որի քաղաքականությունն իր մեջ տարակուսանք է հարուցում:
Քլունիի խոստովանությունից հետո որոշ անգլալեզու աղբյուրներ եզրակացրել են, որ խոսքը, հավանաբար, «Թուրքական ավիաուղիների» մասին է։ Ոմանք ընդգծել են, որ Քլունիի մերժումից հետո Turkish Airlines-ը հրավիրել է Քեւին Քոսթներին։
Ջորջ Քլունին գործող գովազդային պայմանագրեր ունի, բացի դրանից՝ նկարահանվում է ֆիլմերում։ Բայց Քլունիի հիմնական եկամուտն այլեւս կինեմատոգրաֆի ոլորտից չէ։ Nespresso-ի հետ աշխատելով` դերասանը վաստակել է 40 միլիոն դոլար, իսկ Casamigos տեկիլա արտադրող ընկերությունը, որի համասեփականատեր էր դերասանը, չորս տարի առաջ վաճառվել է 1 միլիարդ դոլարով: