Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Փարիզի քաղաքապետարանը 90 հազար եվրո տուգանք կվճարի Պետական ծառայության նախարարությանը:
Բանն այն է, որ 2018-ից ի վեր Փարիզի քաղաքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող կանայք երկու անգամ շատ են, քան տղամարդիկ: Դրա մասին հայտնել է Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն:
Ըստ Monde պարբերականի, Փարիզի քաղաքապետարանում բարձր պաշտոնի են նշանակվել տասնմեկ կին եւ հինգ տղամարդ, այսինքն՝ կանայք կազմում են ղեկավար կազմի 69 տոկոսը: Այն դեպքում, երբ Ֆրանսիայի իշխանությունների՝ 2013-ին ընդունած որոշման համաձայն միեւնույն սեռի ներկայացուցիչները 60 տոկոսից ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունք չունեն:
Միեւնույն ժամանակ բարձր պաշտոն զբաղեցնող կանանց աշխատավարձը տղամարդ ղեկավարների վարձատրությանի համեմատ վեց տոկոսով ցածր է:
«Այդ տուգանքը թերեւս, անհեթեթ է, անարդարացի, անտրամաբանական եւ վտանգավոր,-ասել է Իդալգոն,-այո, մենք պիտի նպաստենք, որ կանայք վճռական եւ գործուն կերպով առաջ ընթանան ծառայողական աստիճաններով. Ֆրանսիան այդ առումով դեռ բավական հետ է մնում»: