Ըստ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայության՝ Երեւանի փողոցների եւ այգիների բոլոր տարեց ծառերը, որոնք ավելի քան 100 տարեկան են, անձնագրեր կունենան։ Կանաչ գոտիների գույքագրումից հետո յուրաքանչյուր ծառ կունենա իր առանձին քարտը։
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը նշել է, որ Երեւանը մինչեւ այսօր նման ռեեստր չի ունեցել, եւ այն դեռ պիտի կազմել: Մինչեւ օրս տվյալներ չեն եղել, թե քանի ծառ կա քաղաքում, քանի տարեկան են դրանք, ինչ վիճակում:
Առաջին անձնագրերն արդեն պատրաստ են։ Դրանք բժշկական համալսարանի հարեւանությամբ աճող, Կարմիր գրքում գրանցված արեւելյան սոսիներինն են: Անձնագրերում նշվում են տարիքը, բնի տրամագիծը, սաղարթի չափը, սրսկումները եւ այլն։
Աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ տարի Կենտրոն համայնքից, որտեղ առաջիկա օրերին հաշվառումը կավարտվի։ Զուգահեռաբար աշխատանքներ են ընթանում նաեւ քաղաքի անտառապուրակներում:
Ծառերի գույքագրումն ամբողջությամբ ավարտելու համար 4-5 տարի կպահանջվի։