Կոթիի առաջին տներից մեկի բակում տղամարդիկ են կանգնած։ Զրուցում են, զանգերի պատասխանում, բացատրում, որ Կոթին Ոսկեվանից հետո է, հաջորդ ճշտող հարցի պատասխանն էլ՝ միանգամից գերեզմանոց։
Մուշեղ Սիրադեղյանի տունն է։ Այստեղ սպասում են Երեւանից իրենց հորեղբորն ուղեկցելու եկողներին։ Վանո Սիրադեղյանը տուն է գալիս։
«Մեր մտքով երբեք չէր անցնի այսպիսի վերջաբան, որովհետեւ բոլորս էինք մտածում, որ անկախ ամեն ինչից՝ վերադառնալու է։ Երբ իմացանք այդ լուրը, ուղղակի չէինք ուզում հավատալ։ Հիմա ողբերգությունը կրկնակի մեծ է, որովհետեւ կորցրել ենք հարազատ ու մեծ մարդու, հարազատ ու ջերմ մարդու»,- իր զգացողություններով է կիսվում Մուշեղ Սիրադեղյանը։ Նա պետական եւ քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանի եղբորորդին է՝ Կոթիի միջնակարգ դպրոցի տնօրենը։
Հորեղբոր մասին պատմում է ակնածանքով, հիշում նրա հետ ունեցած կարճատեւ հանդիպումները, երբ հարցուփորձ էր անում գյուղից, հարազատներից, եղբորից, մորից ու ներքուստ լավ էր զգում, որ կրակոցների տակ անգամ իր եղբոր չորս որդիներն էլ գյուղում են, իրենց հողն են մշակում, պահում սահմանը։
«Վանոն գյուղ հաճախակի չէր գալիս, ինքը բազմազբաղ մարդ էր նաեւ էն ժամանակ, երբ նախարար չէր․ տուն, ընտանիք, գրական գործունեություն։ Նախարար դառնալուց հետո էլ մենք էինք աշխատում քիչ տեսնել, որ չխանգարեինք։ Բայց ինքը միշտ ուրախ էր, երբ գյուղից գնում էի, թեկուզ 5-10 րոպեով մտնում իր մոտ՝ տուն կամ աշխատավայր։ Էն մարդկանցից էր, որ հարազատներին իհարկե շատ-շատ էր սիրում, բայց չէր սիրում երես տալ, որ մարդիկ չփորձեն պահն օգտագործել, իր անունն օգտագործել»,- պատմում է Մուշեղ Սիրադեղյանը։
Իսկ վերջին երկու տասնամյակում միայն հետաքրքրվել են հորեղբոր որպիսությամբ, իմացել, որ լավ է, առողջ է, եւ բավարարվել են դրանով։ Հիմա հանգիստ են, ինչ-որ տեղ նաեւ ուրախ, որ իրենց հարազատի վերջին հանգրվանը ծննդավայրում է, իր հոր եւ մոր կողքին՝ տոհմային գերեզմանատանը։ Բայց, իբրեւ հայ մարդ եւ քաղաքացի, կուզեին, որ Վանո Սիրադեղյանը Պանթեոնում ամփոփվեր:
86-ամյա Սերյոժա Սիրադեղյանն էլ հայրական տանն է սպասում հարազատ-բարեկամներին, եղբոր ընկերներին։ Իսկ Վանոյին, ասում է, ամեն օր է սպասել, ամեն ժամ ու վայրկյան։ Բոխի թթու դրել, սինդրիկ քաղել ու մտածել՝ ուր որ է տուն կգա։ Հիմա միայն հիշողություններ են՝ եղբոր ծնունդից մինչեւ նրա «գնալուց մի քանի օր առաջ»։
«Ինձ ջրաղաց էին ղարգել ծնվելու օրը, 11 տարեկան էի, մի ամիս էլ պակաս, էկա, տեսա մորս կողքին էրկու բարուր ա դրած՝ քիրս ու ախպերս․․․ չորս տարեկանում ջրծաղիկ էր ընկել, մերս ասավ՝ ի՞նչ ես ուզում սրտով, ասեց՝ ճուտի չխրթմա․․․շատ խելացի էր, շատ: Իմ մերն էլ գրկում էր, ասում՝ Վանո բեկս, բալա բեկս, շատ էր սիրում իրան․․․ 55 թվին բանակից էկա, տեսա մի տարի վեցերորդ դասարանում մնացել ա։ Նեղացրի, որ լավ չէր սովորել։ Իմ ախպերս ժողովրդի համար ծառա էր, աղքատների կողմն էր, ես էլ իրան ասում էի՝ աղքատները քեզ չեն կարա պաշտպանեն։ Ինձ չհավատաց»,- պատմում է Սերյոժա պապն ու պահանջում սպասել, մինչեւ հետ կգա։
Սպասում ենք։ Վերադառնում է՝ բաժակները ձեռքին։ «Իմ տանից առանց հաց ուտելու ոչ մեկ չի գնում, գոնե իմ էփած թարմ կամպոտից պետք ա խմեք»,- ասում է՝ ձեռքը մեկնելով։
Հետո զրույցը Անահիտ Սիրադեղյանի հետ եմ շարունակում։ Կրկին տարիների սպասումի, եղբոր վերադարձի հանդեպ իրենց հավատի մասին է պատմում եւ սուր ցավի, որ այսպիսի հանդիպումից է ծնվել։
«Իրար հետ ենք մեծացել։ Բնության մեջ գտնվելը շատ-շատ էր սիրում, հուզվում էր, վատ էր զգում, եթե նկատում էր բնության հանդեպ վատ վերաբերմունք։ Երեւի նրանից էր, որ ինքը մինչեւ երեք տարեկան սարում է ապրել, տատիկս է մեծացրել․ դե երկու հոգի էինք, մայրս ի վիճակի չի էղել իրար հետ պահելու․․․ շատ ճշտախոս էր, ու դրա համար վախենում էին իրանից։ Նույնիսկ մարդիկ են էղել, որ նրա ստեղծագործություններում իրենց ճանաչել են ու եկել, քրոջս հետ կռիվ են արել, թե՝ ինչո՞ւ է եղբայրդ մեր մասին էսպիսի բան գրել։ Բոլոր գրվածքներում մենք կանք՝ հարազատներ, հարեւաններ, որ կարդում ենք, զգում ենք, թե ինչը ում մասին է գրել»,- լացը խեղդելով՝ պատմում է տիկին Անահիտը։
Բակում նաեւ կոթեցի հարեւան-բարեկամներն են խմբված, որ Վանո Սիրադեղյանի տարեկիցն են, նրա հետ ժամանակին ընկերություն են արել։ Նրանք էլ հուզված են․Վանոյին այսպես չէին սպասում։
«Մեծատառով տղա ա էղել բոլորի նկատմամբ ու գաղափարապես շատ զարգացած։ Սխալ բան չի սիրել։ Ես զգացել եմ էդքան բանը, երբ որ էրեխուց (մանկուց) շփվել եմ իրա հետ։ Քանի անգամ շփվել եմ, ես նրա մակարդակից զարմացել եմ, որ ինչ մարդ ա, ինչ գրվածքներ ա գրում։ Շատ ափսոս»,- ասում է Բաբկեն Սիրադեղյանը։
Գերեզմանատանը վերջին հրաժեշտին են պատրաստվում, իսկ Սիրադեղյանների հայրական տանը դեռ մարդիկ ներսուդուրս են անում․ հարազատի, եղբոր, ընկերոջ կամ պարզապես թանկ մարդու ներկայությունն այստեղ հավանաբար ավելի են զգում, քան մեկ այլ տեղում։
Վանո Սիրադեղյանի ընկերներից վաստակավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանն է այստեղ։ Իր ցավն ու ափսոսանքն է հայտնում, որ «նրան բերեցին, ոչ թե եկավ», մինչդեռ հատկապես վերջին տարիներին Վանոյին բոլորն էին սպասում։
«Ինձ թվում է՝ դեռ պատմությունը կգնահատի Վանո Սիրադեղյանի դերակատարումը թե՛ պետության կայացման մեջ, թե՛ որպես տաղանդավոր գրողի։ Նա անսահմանորեն սիրում էր իր հայրենի գյուղը, եւ կարծում եմ, որ վերջիվերջո ինքը խաղաղություն գտավ հենց այստեղ։ Եվ ժամանակի ընթացքում սա կդառնա սրբատեղի։ Կոթին շատ հայտնի գյուղ է, բայց այն, որ Վանոյի աճյունն այստեղ կլինի, նույնպես կնպաստի, որ բոլոր համակիրներս միշտ այցելենք եւ վառ պահենք նրա հիշատակը»,- ասում է Արտավազդ Սահակյանը։
Տնից քիչ հեռու՝ բարձունքի վրա, Սիրադեղյանների տոհմական գերեզմանոցն է։ Այստեղ արդեն մտավորականների, նախկին ու ներկա պաշտոնյաների, ընկերների կամ պարզապես սրտացավ մարդկանց գնահատանքի եւ հրաժեշտի խոսքերն են հնչում։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ասում է՝ որոշել է այսօր հանուն ճշմարտության անկեղծ եւ անխնա լինել։
«Սա մեր ամոթն է, որ այսպես վերադարձավ։ Սա մեր ամոթն է, մեր եղբոր նկատմամբ մեր ուրացումը, իմ ուրացումն է, իմ անուժությունն է, սա երրորդ հանրապետության խոցելիության վտանգավոր դրսեւորում է։ Միեւնույն ժամանակ սա նաեւ մեր ժողովրդի ամոթն է, որովհետեւ իր արժանի, տաղանդավոր որդին է Վանո Սիրադեղյանը, եւ ժողովուրդը պիտի կարողանար պաշտպանել նրան։ Եվ հիմա մենք էս պահից մտածում ենք արդեն վաղվա մասին, որ Վանոն շարունակի մեզ ապրեցնել։ Մենք չենք կարող Վանո Սիրադեղյանի ընթերցողը չլինել։ Եվ էս սերունդը՝ պատանիների, չի կարող չհայտնաբերել, իրենը չդարձնել գրող Վանո Սիրադեղյանին»։
Երեւանի նախկին փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույնպես Վանո Սիրադեղյանի «գրիչը վայր դնելն» ու նրա բացակայությունը հայ գրականության մեծագույն կորուստն է համարում։
«Մեծ տեսանող էր Վանո Սիրադեղյանը եւ է։ Ապրեցնող գրականություն է տվել մեզ, առինքնող գրականություն է տվել մեզ․․․ Նա ճիշտ ճանապարհ բռնեց այսօր․ Կոթին՝ իր ծնած տեղը․․․ Ցավալի այս սգավոր վերադարձի մեջ ընդամենը մեկ բան կարող եմ ասել․ Վանոն մեռավ, եւ Երեւանը չամաչեց։ Արեւի ճառագայթ թաղելն անհնար է, սիրելի՛ Վանո։ Ապրելու ես եւ ապրեցնելու ես։ Եվ դեռ երկար շանթելու ես, հատու քո խոսքով դեռ երկար շանթահարելու ես բոլորիս, որ խելքի գանք՝ մեկ անգամ ձեռքներս ցավի վրայից հետ տանելով, մի բուռ Հայաստանը, քո՛ Հայաստանը սովորենք մանրամասն սիրելու․․․»։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։