Հայաստանը պատասխանատու է Ադրբեջանի դեմ հրթիռային ապօրինի հարձակումների համար,-գրում է թուրքական Daily Sabah-ը՝ պնդելով, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում հայկական զինուժն առնվազն տասնմեկ անգամ հարվածել է Ադրբեջանին։
Թուրքական պարբերականի այս ենթադրության հիմքն ուսումնասիրություններն են, որոնք անցկացրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Տեղում HRW-ի արած հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ հայկական ուժերն օգտագործել են բալիստիկ հրթիռներ, չուղղորդվող հրետանային հրթիռներ եւ խոշոր տրամաչափի հրետանային արկեր՝ պատահական հարվածներով խոցելով բնակելի տարածքներին: Առնվազն չորս դեպքում հայերը հարվածել են այն տարածքներին, որտեղ ակնհայտ ռազմական թիրախներ չեն եղել:
Ըստ HRW-ի՝ Հայաստանի հրթիռային եւ հրետանային հարձակումներից հիմնականում տուժել են Աղդամ, Բարդա, Ֆիզուլի, Գյանջա, Գերանբո, Նաֆթալան, Թարթար քաղաքներն, ավաններն ու գյուղերը: