Չինաստանն արձագանքել է Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը դիվանագիտական քայլով բոյկոտելու Վաշինգտոնի որոշմանը։ Պաշտոնական Պեկինը հայտարարել է, թե նման որոշումը կվնասի երկու երկրների համագործակցությանը։
Չինաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Չժաո Լիջիանն ընդգծել է, որ ամերիկյան կողմը պետք է վերջ տա սպորտը քաղաքականացնելուն, դադարեցնի Պեկինի օլիմպիական խաղերին խոչընդոտող գործողություններն ու հայտարարությունները, հակառակ դեպքում դա վնաս կհասցնի երկու երկրների համագործակցության մի ամբողջ շարք ուղղություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային ու գլոբալ հարցերի շուրջ երկխոսությանը։
ԱՄՆ-ը ավելի վաղ հայտնել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնական պատվիրակությունը Պեկին չի մեկնի, մեկնելու են միայն օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներն ու նրանց մարզիչները։ Դրա մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին։
Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են 2022-ի փետրվարի 4-20-ը։