Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներկայացուցիչներին:
Նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանն ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարեւորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված եւ մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։
ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022-ին եւ կարեւորել է 2023-2026 թվականների ծրագրի նախագծումը, որի շրջանակում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք ուղղված կլինեն արդարադատության ոլորտի բարեփոխումներին։
Հանդիպման ընթացքում ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ղեկավար Պավլո Պուշկարը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել են Աշոտ Հարությունյանի, Մուշեղ Սաղաթելյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռները եւ դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել, ինչը ողջունել են ԵԽ բոլոր ներկայացուցիչները։
ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավարը կարեւորել է նաեւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները։