ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը դատավոր Ջոան Դոնոգյուի նախագահությամբ հրապարակել է «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով հրատապ միջոցներ սահմանելու Հայաստանի դիմումի վերաբերյալ որոշումը:
Դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է բռնությունից պաշտպանել Արցախյան վերջին պատերազմի ընթացքում կամ դրա հետեւանքով գերության մեջ հայտնված անձանց անվտանգությունը, ապահովել հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, երաշխավորել նրանց հավասարությունն օրենքի առաջ:
Գերիների վերադարձի պահանջ չկա
Դատարանը նշել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է՝ որեւէ պետության կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն, սակայն չի համարել, որ գերիները կամ պահվող մյուս անձինք պետք է վերադարձվեն, քանի որ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ նրանք պահվում են Ադբեջանում` իրենց ազգության կամ ռասայական խտրականության հիմքով։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը դատարանը քննում է ռասայական խտրականության բոլոր ձեւերի բացառման միջազգային կոնվենցիայի շրջանակում։
Զերծ մնալ վանդալիզմից, հայերի նկատմամբ ատելություն սերմանող արտահայտություններից
ՄԱԿ-ի Արդարդատության դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել է նաեւ.
կանխել Ադրբեջանի պաշտոնյաների եւ հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը, զերծ մնալ հայերի նկատմամբ ազգային հողի վրա ատելություն սերմանող արտահայտություններից, դադարեցնել այսպես կոչված «ռազմավարի պուրակի» գործունեությունը,
կանխել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը եւ պղծումը, ապահովել իր կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ (վանքեր, հուշարձաններ եւ այլն) հայերի այցելելու հնարավորությունը, ինչպես նաեւ իրական միջոցներ ձեռնարկել այդ հուշարձանների պահպանման համար,
ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Բավարարել է Բաքվի պահանջների մի փոքր մասը
Բաքուն սեպտեմբերի 24-ին Հաագայի դատարան ներկայացրած հայցում պնդել է, թե իբր Հայաստանը մի շարք խտրական գործողություններ է իրականացրել եւ իրականացնում ադրբեջանցիների դեմ՝ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա:
Դատարանը բավարարել է Ադրբեջանի պահանջների միայն մի փոքր հատվածը եւ Հայաստանին պարտավորեցրել.
կանխել կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից ադրբեջանցիների նկատմամբ ռասայական ատելության եւ խտրականության հրահրումը,
ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել քննվող խնդիրները կամ ավելի դժվարացնել դրանց լուծումը:
Ականապատման քարտեզների պահանջը մերժվել է
Ադրբեջանի՝ ականապատման քարտեզների վերաբերյալ պահանջը մերժվել է։
Դատարանը չի համարում, որ Հայաստանը պարտավոր է ձեռնարկել քայլեր` աջակցելու Ադրբեջանին իրականացնելու ականազերծում։ Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը չպետք է քայլեր իրականացնի, որ Հայաստանն այլեւս ականներ չտեղադրի։
Դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ Հայաստանի՝ ենթադրյալ կատարած ականապատումը տեղի է ունեցել «էթնիկ ադրբեջանցիներին իրենց իրավունքներից զրկելու նպատակով»։
Հայատյացությունը պետական մակարդակով է քարոզվում
ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը ճանաչել է, որ Ադրբեջանի պաշտոնյաներն ու հանրային գործիչներն են հայատյացություն քարոզում, ինչը վերագրելի է հենց Ադրբեջան պետությանը՝ ի տարբերություն Հայաստանի։
Դատարանը կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալու դատարանի աշխատանքը դժվարացնող գործողություններից:
Գործերի քննությունը շարունակվում է
Հաագայի դատարանը շարունակելու է քննել Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի եւ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի ընդհանուր գործերը։ Այդ գործընթացը կարող է տեւել երկար տարիներ:
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը