Գերմանական Deutsche Welle-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարից ի վեր արձանագրվել են առաջին մահերը։ Կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունը խախտելու համար։
Ադրբեջանի կառավարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում սպանվել են իր զինվորներից չորսը։ Իր հերթին, Հայաստանն ասում է, որ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փոխհրաձգություններից վիրավորվել են վեց հայ մարտիկներ։ Այս հարցում պարզություն մտցնելու փոխարեն տարածաշրջանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Մոսկվան ընդամենը հաստատում է հրադադարի ռեժիմի խախտման փաստը։
Պատասխանելով հայկական կողմի մեղադրանքներին՝ Բաքուն հայտնել է, որ շաբաթավերջին բախումները տեղի են ունեցել իր վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մինչդեռ հայկական կողմն ասում է, որ հետ են մղվել ներխուժման փորձերն այն հատվածներում, որոնք ենթադրաբար պետք է մնան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) սահմաններում: Խոսքը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի մասին է։
Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ ուժերը բախումների տարածքում ներկա չեն եղել։ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը դրան պատասխանել է՝ ասելով, թե «անընդունելի են հայաստանյան որոշ ղեկավարների եւ լրատվամիջոցների անհիմն մեղադրանքներն ադրբեջանական կողմի եւ ռուս խաղաղապահների հասցեին»:
Հրապարակման վերջում Deutsche Welle-ն մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքը. «Հայաստանը չպետք է փորձի ամեն ինչ նորից սկսել»: