Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) ողջունել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության համար միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
CHW-ն նշել է, որ իր հաշվետվությունները ներկայացվել են որպես գործով ապացույց։ Կազմակերպությունն ընդգծել է, որ ուրախ է մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող այս հաջողության մեջ դերակատարության համար:
«Ճանաչելով հրատապությունն ու անուղղելի վնասի սպառնալիքը, ինչպես նաեւ ռասայական խտրականության եւ մշակութային ժառանգության չարաշահումների միջեւ կապը՝ Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու հայկական մշակութային ժառանգության վանդալիզմի եւ պղծման գործողությունները, այդ թվում՝ չսահմանափակվել միայն եկեղեցիներով եւ այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ։