«Եւրոպական Միությունը նոր պատժամիջոցներով ծանր ապտակ է պատրաստում Բելառուսի համար՝ թիրախավորելով Լուկաշենկոյին մերձ ընկերություններին, այդ թվում՝ «Բելառուսկալի»-ին». գրում է «Baltic News Network»-ը «Նոր պատժամիջոցներ. Լիտվան երկու քարի արանքո՞ւմ» հոդվածում։
Այդ պատճառով Կլայպեդայի նավահանգստի Birit Kroviniu Terminalas (BKT) բեռնափոխադրող խոշոր ընկերությունում նյարդային իրավիճակ է ստեղծվել։
Բանն այն է, որ ընկերության երեսուն տոկոսը պատկանում է «Բելառուսկալի» պետական ընկերությանը։ Վերջինիս բեռների շրջանառությունը Կլայպեդա նավահանգստում կազմում է ընդհանուր շրջանառության մոտ մեկ երրորդը։ BKT-ի միջոցով բելառուսական պարարտանյութեր են ուղարկվում ավելի քան 100 երկիր:
Հիմա զգալով մի փոքր այլ քաղաքական մթնոլորտ, բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, որն օգոստոսի սկզբին Բելառուսում անցկացված նախագահական կեղծված ընտրություններից հետո ապաստանել է Վիլնյուսում, կոչ է անում Լիտվայի կառավարությանը դիտարկել «Բելառուսկալի»-ի դեմ պատժամիջոցների հնարավորությունը։
«Իրոք, «Բելառուսկալի» եւ բելառուսական այլ ընկերությունների դեմ պատժամիջոցները ցավալի հարված կլինեն Լիտվայի տնտեսության եւ մասնավորապես Կլայպեդայի համար: Եկեք ընդունենք դա: Բայց այն, ինչ տեղի է ունենում Բելառուսում, ահավոր է՝ աշխարհաքաղաքական հեռանկարով: Եթե պատժամիջոցները հայտնվեն որպես ԵՄ նախաձեռնություն, որն արդեն տեսանելի է, վախենում եմ, որ մենք պարզապես չկարողանանք դրան դեմ դուրս գալ». BNN- ին ասել է Կլայպեդայի նախկին քաղաքապետ, այժմ` Կլայպեդա համալսարանի փոխռեկտոր Բլենեդիկտաս Պետրաուսկասը: