Թուրքական «Անատոլու» խոշոր լրատվական գործակալությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման մասին զրուցել է Ստամբուլում բնակվող երեք հայ գործիչների հետ, որոնք կարեւոր դերակատարում ունեն ստամբուլահայ համայնքում, նաեւ իրենց գործունեությամբ ճանաչված են համայնքից դուրս՝ թուրքական շրջանակներում:
Հայ-թուրքական հարաբերությունների մասին գործակալության հարցերին պատասխանել են Ստամբուլի «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, «Կարագյոզյան տուն» հաստատության խնամակալության ատենապետ Տիգրան Գյուլմեզգիլը եւ հայտնի ճարտարապետ Նազար Բինաթլին: Գործակալությունը հարցազրույցի հիման վրա հրապարակած հոդվածը վերնագրել է «Թուրքահայերի աջակցությունը Անկարա-Երեւան հարաբերությունների կարգավորմանը»:
Նախաբանում «Անատոլու»-ն հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, ինչպես նաեւ մեջբերել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի՝ «Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը» վերջերս արած հայտարարությունը:
Թուրքիայում հայտնի հայ գործիչ, գործարար, բարերար Պետրոս Շիրինօղլուն նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր հավասարակշռություններ են ձեւավորվել, եւ Թուրքիայի աջակցությամբ ճանապարհ է բացվել տարածաշրջանային խաղաղության ու համագործակցության համար։
Հիշեցնելով, որ Անկարան եւ Երեւանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ շատ կարեւոր ուղերձներ են հղել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, Շիրինօղլուն ասել է. «Թուրքիայի հայերը մեծ հույսեր ունեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում: Մենք սպասում ենք այդ հարաբերությունների բնականոնացմանն ու երկու ժողովուրդների եղբայրության ամրապնդմանը։ Առաջ Աստված, այս պահի դրական ընթացքը պիտի շարունակվի շոշափելի քայլերով, ու պատերազմի վերքերը ժամ առաջ կսպիանան։ Լինելով տարածաշրջանի առաջատար երկիրը՝ Թուրքիան այս գործընթացը բաղձալի կետի կարող է հասցնել։ Հայաստանի հետ բնականոնացման գործընթացը բխելու է երկու երկրների շահերից»,- նշել է Պետրոս Շիրինօղլուն՝ ավելացնելով, որ ոմանք խանգարում են այդ հարաբերությունների կարգավորմանը: «Թուրքիան դա գիտի եւ ըստ այդմ է որոշում իր քաղաքականությունը»:
Անդրադառնալով 1915-ի իրադարձություններին, ըստ «Անատոլու» գործակալության՝ «հարաբերությունների նորմալացման ամենամեծ խոչընդոտներից մեկին»՝ Շիրինօղլուն ասել է. «Մեր նախագահը բազմիցս հայտարարություններ է արել արխիվների բացման եւ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Այս հարցն այլեւս պետությունների խնդիրը չպետք է լինի: Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բացելու արխիվները»:
Շիրինօղլուն հայտարարել է, որ Հայաստանը փոքր երկիր է, թուրքական ապրանքները Հայաստանում վաճառվում են միջնորդների միջոցով, եւ դրանից շահում են միայն ու միայն միջնորդները։
Պոլսահայ գործիչը հիշեցրել է, որ Էրդողանը մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիայում ապրող հայերին, նշել, որ Էրդողանի հետ իր հանդիպումներում ինքն անձամբ է ականատես եղել դրան: Նա նաեւ ասել է. «Հայաստանի ժողովուրդն արդեն աղքատ է, ուստի նորմալացումը կբխի նաեւ Հայաստանի ժողովրդի շահերից: Սահմանների եւ օդուղիների բացումը թույլ կտա նաեւ հայ ժողովրդին հանգիստ շունչ քաշել: Թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ խնդիր չկա, նեղությունը պետությունների միջեւ է»,- հարցազրույցում նշել է Շիրինօղլուն եւ ասել, թե վստահ է՝ Էրդողանն ու Փաշինյանը լուծելու են այս հարցը:
Պոլսահայ մեկ այլ նշանավոր գործիչ, գործարար, բարերար Տիգրան Գյուլմեզգիլը նույնպես կողմ է, որ անցյալում երկու երկրների միջեւ եղած հարցերը լուսաբանեն պատմաբանները: «Երեսուն տարի առաջ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի անհիմն բռնազավթումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ լարվածության ամենակարեւոր պատճառներից մեկն էր դարձել: Հայաստանը սեղանի շուրջը, համաձայնությամբ պետք է վերադարձներ այդ տարածքները։ Եթե Հայաստանում լիներ այդ քայլն անող հզոր ղեկավար, ապա այս ամեն ինչը չէր լինի, Թուրքիա-Հայաստան հարաբերություններն էլ շատ տարբեր կարող էին լինել: Դժբախտաբար, Ադրբեջանի դեմ գործված անարդարություն կար, եւ Թուրքիան էլ արդարացիորեն դիրք գրավեց Ադրբեջանի կողքին, ուստի երեսուն տարի այդ հարաբերությունները հնարավոր չեղավ կարգավորել: Թուրքիայի զորակցութամբ Ադրբեջանն անարդար կերպով իրենից բռնագրավված տարածքները հետ վերցրեց պատերազմով։ Երանի այդպես չլիներ։ Երկու կողմն էլ պատերազմին զոհ չէր տա իր երիտասարդներին։ Երանի այս խնդիրը սեղանի շուրջը լուծվեր։ Ներկա փուլում այլեւս անընդունելի է երկու պետությունների միջեւ համաձայնություն չգոյացնելը»,- ասել է Տիգրան Գյուլմեզգիլը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիան այսօր 85 միլիոն բնակչությամբ երկիր է, իսկ Հայաստանն իր 2-3 միլիոն բնակչությամբ Թուրքիայի միայն մեկ շրջանի բնակչությանն է հավասար: «Ուստի Հայաստանը երբեք պոտենցիալ սպառնալիք չէ Թուրքիայի համար եւ չի էլ կարող լինել: Հայաստանը Թուրքիայի «խնդիրներից» մեկն է, որ Թուրքիան պետք է անհապաղ լուծի: Ողջ աշխարհում կա ճնշված եւ զոհված հայերի ընկալում, Թուրքիան պետք է հրաժեշտ տա այդ հարցին: Մի կողմից Հայաստանը տնտեսապես կզարգանա, իսկ մյուս կողմից Թուրքիան ամբողջ աշխարհին ցույց կտա իր բարյացակամությունը»,- ասել է Գյուլմեզգիլը՝ ավելացնելով, որ Թուրքիան պետք է հայրաբար վարվի Հայաստանի հետ:
Պոլսահայ ճարտարապետ Նազար Բինաթլին «Անատոլու» գործակալությանն ասել է, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը երկու ժողովուրդների համար պատմական նշանակություն է ունենալու: «Երեսուն տարվա լարվածությունը որեւէ օգուտ չի բերել երկու երկրներին։ «Վերջին իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ այս թշնամությունն այլեւս պետք է վերանա»,- ասել է Թուրքիայում հայտնի հայ ճարտարապետը, որը վստահ է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տնտեսական եւ քաղաքական առումով նպաստավոր է լինելու:
Նազար Բինաթլին, որ գործունեություն է իրականացնում նաեւ Հայաստանում, հարցազրույցում ասել է, թե Հայաստան իր այցերի ընթացքում զգացել է, որ այդ հարցում լավատես է նաեւ Հայաստանի ժողովուրդը, եւ որ իր տպավորությամբ Հայաստանում շատ է այն մարդկանց թիվը, որոնք այս հարցի կարգավորմանն են սպասում:
Նյութի աղբյուրներ՝ «Անատոլու» գործակալություն, Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթ
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։