ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին աշխատավայր չթողնել, թույլ չտալ կատարել իր աշխատանքային պարտականությունները, դրա հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ն ընդունեց 55 կողմ, 23 դեմ, 6 ձեռնպահ ձայներով:
Ըստ այս փոփոխությունների՝ եթե աշխատողը չի ներկայացնում կա՛մ պատվաստման, կա՛մ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, գործատուին իրավունք է տրվում աշխատակցին չթույլատրելու ներկայանալ աշխատանքի վայր, չվճարելու այդ ժամանակահատվածի համար աշխատավարձ: Աշխատանքի չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծելու աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ: